Այս «խունտան» նախկինի պես չի վայելում ԱՄՆ զորակցությունը․ Վաչե Բրուտյան
24 Մայիսի 2025, 00:15
ԱՄՆ ներկայիս վարչակազմը համաձայն չէ գոյություն ունեցող հակամարտությունների զարգացմանը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասաց խմբագիր, հրապարակախոս Վաչե Բրուտյանը։
Նրա խոսքով՝ այս վարչակազմի քաղաքականության մեջ փոփոխություններ են կատարվել, որոնք կարտացոլվեն նաև Հարավային Կովկասում։
«ԱՄՆ վարչակազմը հետամուտ է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն՝ ոչ թե բախման, այլ փոխըմբռնման ճանապարհով։ Բայց թե ինչ տեղ կգրավի Հարավային Կովկասը, արդյոք հերթը նրան կհասնի, չեմ կարող ասել։ Ռուս-ամերիկյան հարաբերություններում այս մերձեցումն, այնուամենայնիվ, պետք է ներառի նաև Կովկասը։
Կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի այս «խունտան» նախկինի պես չի վայելում ԱՄՆ զորակցությունը։ Շարունակում է վայելել ԵՄ զորակցությունը, որն, ինչպես ասում են հայաստանաբնակ իմ ընկերները, նույնպես ցայտնոտի մեջ է։ Թե՛ Ֆրանսիան, թե՛ Անգլիան, թե՛ Գերմանիան ասում են՝ եթե Թրամփն այս վարքագիծն է որդեգրել, ապա իրենք պետք է շարունակեն դասական ընթացքը և այդ հարցը լուծեն։ Այս ամեն ինչը ժամանակ շահելու միջոց է։ Մինչև տարեվերջ Եվրոպայի մոտեցումներում ևս փոփոխություն կլինի։ Եվ սա նշանակում է, որ Հարավային Կովկասում իրադրությունը կփոխվի»,- ընդգծեց Վաչե Բրուտյանը։