Այսօր երեկոյան կգնանք Մայր Աթոռ Վեհափառից օրհնություն ստանալու համար. Աննա Գրիգորյան
02 Օգոստոսի 2026, 12:00
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության հետագա գործունեությանը, հայտարարեց, որ իրենց գլխավոր նպատակը փոփոխության ենթակա չէ։
«Մենք, Ազգային ժողով գալով, հայտարարել ենք, որ հիմնական օրակարգը շարունակում է լինել այս իշխանությունների հեռացումը։ Ազգային ժողովը դիտարկում ենք ընդամենը որպես հերթական հնարավորություն, հարթակ՝ մեր դիրքորոշումները հնչեցնելու և մարդկանց հետ շփվելու տեսանկյունից։ Մեծ ակնկալիքներ, բնականաբար, չկան»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով Ազգային ժողովի նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսին չհրավիրելու փաստին՝ Աննա Գրիգորյանը դա որակեց որպես աննախադեպ իրավիճակ.
«Սա գնահատում եմ այն ամենի համատեքստում, ինչ անում է իշխանությունը՝ մասնավորապես իր նախընտրական ծրագրում ամրագրելով Կաթողիկոսի հրաժարականի խնդիրը։ Հետևաբար տրամաբանական էր, որ այսօր իրենք չէին կարող հրավիրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև խորհրդարանը Վեհափառի կողմից օրհնություն չստացավ»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ երեկոյան այցելելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար։