Այսօրվա հանդիպումը ժամերի համաձայնեցում է. Բոգդան Բեզպալկոն ՝ Փաշինյանի և Պուտինի բանակցությունների մասին

Այսօրվա հանդիպումը ժամացույցների սինխրոնիզացիա է. Բոգդան Բեզպալկոն՝ Փաշինյանի և Պուտինի բանակցությունների մասին

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է մայիսի 8-ին հայ-ռուսական բանակցությունների հնարավոր օրակարգը, ինչպես նաև մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը։

«Փաշինյանի այցը Մոսկվա հարգանք է հինգերորդ անգամ երդմնակալած և Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնած ղեկավարի նկատմամբ։ Հայաստանը մի պետություն է, որը գտնվում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից նախկինում ստեղծված մի շարք ինտեգրացիոն միավորումների մեջ՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, և կախված է Ռուսաստանից: Եւ քննարկվելու է Հայաստանի այն քաղաքականությունը, որն այժմ վարում է Նիկոլ Փաշինյանը, որը գնալով ավելի ու ավելի արևմտամետ է։

Փաշինյանը կորցրեց Ղարաբաղը, բայց հայկական ԶԼՄ-ները դրանում մեղադրում են ՌԴ-ին։ Փաշինյանը կողմնորոշվում է դեպի ՆԱՏՕ-ի երկրները, նրա մերձավոր շրջապատը , նրա կինը ձեռնարկում են քայլեր, որոնք Ռուսաստանում անընդունելի են համարում ։ Ուստի հիմա տեղի կունենա մոտեցումների հստակեցում, ինչ է սպասվում մեր երկրներին մոտ ապագայում։
Արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, արդյոք Հայաստանի ղեկավարությունը կպահանջի ռուսական ռազմակայանի դուրսբերումը Գյումրիից։ Ես կարծում եմ, որ այս ամենը հիմա կքննարկվի», — կարծում է Բեզպալկոն։

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, մայիսի 9-ի շքերթին Հայաստանի վարչապետի չմասնակցելը ստվեր է գցում ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների վրա, այլև արհամարհանք է Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայ զինվորի նկատմամբ:

«Իհարկե, Մոսկվայում մեկ օր մնալու և Հաղթանակի շքերթին մասնակցելու ցանկություն չունենալն իմ տեսանկյունից անհարգալից վերաբերմունք է ոչ այնքան Ռուսաստանի առաջնորդի, որքան ամբողջ Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ։ Սա անհարգալից վերաբերմունք է այն հայերի նկատմամբ, որոնք կռվել են Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Ղարաբաղի ընդամենը մեկ գյուղից երկու մարշալ է եղել, որոնցից ամենահայտնին Ստալինգրադի ճակատամարտի հերոս Իվան (Հովհաննես) Քրիստափորի Բաղրամյանն է։ Եվ շատ տարօրինակ է, որ Հայաստանի ղեկավարը չի ցանկանում հարգանքի տուրք մատուցել այս մարդկանց։ Իմ տեսանկյունից դա դեմարշ է։

Բայց առայժմ կա հարաբերությունների մնացորդները պահպանելու և բաց կոնֆլիկտի չգնալու հնարավորություն, մեր ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա նման քայլերին»,- եզրափակել է քաղաքագետը։