ՀԱՊԿ այսօրվա նիստում կորոշվի Հայաստանի հարցը

11 Նոյեմբերի 2026, 09:50

Քաղաքականություն

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ, կկայանա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։

Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը կլինի Հայաստանի դիրքորոշումն ու կարգավիճակը կազմակերպությունում։ Երևանը ավելի քան երկու տարի չի վճարում անդամավճարները, և նիստի ընթացքում կարող է քննարկվել Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նիստի ընթացքում նախատեսվում է նաև ամփոփել Ռուսաստանի նախագահության շրջանակում իրականացված համատեղ աշխատանքը, նախանշել ՀԱՊԿ-ի հետագա զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերը։

Հանդիպման արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները հանդես կգան ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մոտեցումների վերաբերյալ հայտարարություններով և կընդունեն մինչև 2030 թվականը նախատեսված հակաահաբեկչական ռազմավարությունը։

Կազմակերպության անդամ պետությունների միասնական մոտեցումները կամրագրվեն Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագրում։ Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները որոշումներ կընդունեն հակաօդային պաշտպանության համակարգի կատարելագործման և ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի զարգացման վերաբերյալ։

Գագաթնաժողովի ընթացքում որոշում կկայացվի նաև 2027 թվականին ՀԱՊԿ-ում նախագահությունը Տաջիկստանին փոխանցելու մասին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում անդամավճարները, ուստի նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել և որոշում ընդունվել կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև անդամավճարների վճարումը։ Այս տեղեկությունը նոյեմբերի 10-ին հաստատել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի առաջ «չի փակվում», և ոչ ոք մտադիր չէ նրան հեռացնել կազմակերպությունից։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ Երևանը կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել։