Այսօրվա Հայաստանը ինքնիշխանության մակարդակով ավելի սահմանափակված է, քան Խորհրդային Հայաստանը․ Դավիթ Ջամալյան
12 Ապրիլի 2024, 23:50
Այսօրվա Հայաստանը ինքնիշխանության մակարդակով շատ ու շատ ավելի սահմանափակված է, քան, օրինակ, Կարեն Դեմիրճյանի օրոք Խորհրդային Հայաստանը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Եթե անգամ 2020 թվականի խայտառակ կապիտուլյացիայից հետո ունեինք զինվորականներ, գործիչներ, որոնք կարող էին հատուկ խոսք ասել, աստիճանաբար իրենք համակարգից դուրս բերվեցին։ Ցավով պետք է նշենք, որ, համենայնդեպս, ամենաբարձր ղեկավարության մակարդակով՝ մենք ունենք ուղղակի ծառայամիտ գործիչներ։ Հիմա այսօրվա Հայաստանը, իմ կարծիքով, ինքնիշխանության մակարդակով շատ ու շատ ավելի սահմանափակված է, քան, օրինակ, Կարեն Դեմիրճյանի օրոք Խորհրդային Հայաստանը։ Թեպետ ունենք ինստիտուտներ,որոնք խորհրդային տարիներին չունեինք, օրինակ բանակը, բայց այդ ինստիտուտների ֆունկցիոնալության խնդիր ունենք, այսինքն՝ փաստացի մենք այսօր գրեթե գոյություն չունենք՝ իբրև սուբյկետ», — նկատել է Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ այսօրվա սահմաններով Հայաստանը կարող էր գոյություն ունենալ իբրև սուբյեկտ միայն Խորհրդային Միության կազմում։
«Մեր ինքնիշխանության մակարդակը այսօր խայտառակ ընկել է, անկում է ապրել։ Կարեն Դեմիրճյանի օրոք հայկական ԽՍՀ-ն ավելի ինքնիշխան էր Խորհրդային Միության կազմում, բայց փաստացի ինքնիշխանության մակարդակում մենք հիմա ուղղակի վատ վիճակում ենք։ Սա ողբերգություն է։ Առհասարակ, այսօրվա սահմաններով Հայաստանը կարող էր գոյություն ունենալ իբրև սուբյկետ միայն Խորհրդային Միության կազմում։ Այսօրվա սահմաններով Հայաստանը իբրև անկախ պետություն գոյություն ունենալ չի կարող թուրք-ադրբեջանական ագրեսիվ տանդեմի մեջտեղում»,- ասել է մեր զրուցակիցը։
Ջամալյանը վստահ է՝ Հայաստանի գոյության երաշխքիը Արցախն է, պիտի վերատիրանալ Արցախին։
«Որպեսզի մենք ունենանք կենսունակության ռեսուրս, մենք պետականության կենսունակություն ապահովելու համար խնդիր պետք է դնենք վերատիրանալ Արցախին։ Եթե Արցախը հայկական չէ, այսօրվա սահմաններով ՀՀ-ն երկար գոյատևել չի կարող։ Արցախը մեր անկախության հիմքն էր, երաշխիքն էր, չկա Արցախ, այս սահմաններով մենք հեռանկար չենք կարող ունենալ»,- եզրափակել է Դավիթ Ջամալյանը։