Այսօրվա իշխանությունները դեռ 90-ականներից Թուրքիայի շահերն էին պաշտպանում. Ռստակյան

12 Մայիսի 2025, 21:42

Քաղաքականություն

Վրաստանը բազմազգ երկիր է, և գիտեք, որ Վրաստանում ադրբեջանցիների թիվն աճում է, ինչը վտանգում է Վրաստանի ազգային անվտանգությունը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ախալքալաքի «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը:

«Դա լուրջ վտանգ է, և վրացիներն ամեն ինչ անում են՝ այդ փոքրամասնության հետ իրենց հարցերը լուծելու համար, իհարկե, ոչ ի վնաս իրենց: Մյուս կողմից էլ, Ադրբեջանը տեր է կանգնում Վրաստանում իր քաղաքացիներին, ինչը չի անում Հայաստանն իր քաղաքացիների համար»,-ասաց Դավիթ Ռստակյանը:

Խոսելով ջավախահայության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի և հայոց լեզվի կարգավիճակը չհստակեցնելու մասին՝ Դավիթ Ռստակյանը նշել է. «90-ականներին Ջավախքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը շատ դրական էր, բայց հիմա չկա այդ վերաբերմունքը: Նոր իշխանությունների մոտ ոչ մի ոգևորվածություն չկա: Հետո հասկացա՝ սրանց գլխավորը ով է: Տարիներ առաջ՝ 1998 թվականին, այդ գլխավորն ինձ զանգեց և ասաց, որ ուզում է հասկանալ՝ ինչու եմ դեմ Թուրքիայից Ջավախքով անցնող հաղորդակցություններին: Պատասխանեցի՝ «Ի՞նչը պարզ չէ»: Դրանից հետո առաջարկեցի այլևս չզանգել ինձ: Ես հասկացա, որ այդ մարդը թուրքերի դիրքից է խոսում: Այսօրվա իշխանությունները դեռ 90-ականներից Թուրքիայի շահերն էին պաշտպանում, կարծես Թուրքիայի փաստաբանը լինեն»: