Բաբկեն Հարությունյան. Կոչումով պատմաբանը

04 Մարտի 2025, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 4-ը հայ ականավոր պատմաբան, Հայաստանի հին և միջնադարյան պատմության, Հայաստանի և Առաջավոր Ասիայի պատմական աշխարհագրության և քարտեզագրության մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի ծննդյան օրն է:

Պատմաբանը ծնվել է 1941 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին Վանից գաղթած ընտանիքում։

1962 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1977թ.` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը, 1963-1966թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:
1967 թվականից նրա գործունեությունը կապված էր ԵՊՀ-ի հետ, որտեղ նա սիրով ու նվիրումով է դասավանդել ուսանողներին:

1985-1988թթ.ղեկավարել է Երևան համալսարան հրատարակչությունը, իսկ 1993-2004թթ. զբաղեցրել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնը: 1997-2000թթ.եղել է Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, իսկ 2007թ. դարձել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար:

Բաբկեն Հարությունյանը մասնակցել է նաև միջազգային նախագծերի: 1994թ. Բ.Հարությունյանը դասավանդել է Բեյրութի համազգային հայագիտական բարձրագույն դպրոցում, իսկ 1995-1996թթ-ին աշխատել է ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում՝նպաստելով համաշխարհային մակարդակով հայ պատմագիտության զարգացմանը:

1983թ. պաշտպանել է «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»»-ի դոկտորական ատենախոսությունը։

Բաբկեն Հարությունյանը ոչ միայն պրոֆեսոր էր, այլև Հումանիտար գիտությունների միջազգային ակադեմիայի, Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Գիտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ Պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, Մովսես Խորենացու և «Ալբերտ Շվայցեր» մեդալներով, ինչպես նաև Catherine the Great շքանշանով:

Բաբկեն Հարությունյանը կյանքից հեռացել է 2013 թվականի փետրվարի 26-ին։