Բացառված չէ՝ Հնդկաստանը կհարվածի Պակիստանին, բայց միջուկային զենք կիրառելու կարիք չկա. Նվարդ Չալիկյան

Միջուկային տերություններ՝ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի շեմին են: Ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար, որը նախնական տվյալով խլեց 28 մարդու կյանք, Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին: Մի քանի օր է՝ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին զորքերի կուտակումներ կան, կրակոցներ են հնչում: Երկու երկրներն էլ ռազմատենչ հայտարարություններ են անում:

Արդյոք միջուկային այս երկու տերությունների միջև սրված հարաբերությունները կարող են վերաճել պատերազմի, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Նվարդ Չալիկյանի խոսքով՝ զարգացումներն անկանխատեսելի են:

«Երբ երկրները հակամարտում են ու ունեն միջուկային զենք, սա միշտ կարող է բերել չծրագրված միջուկային վտանգի: Երբ նայում ենք և՛ Հնդկաստանի, և՛ Պակիստանի միջուկային դոկտրիններին, տեսնում ենք, որ Հնդկաստանը մի կարևոր կետ ունի, ըստ որի՝ ինքնն առաջին հարվածը չի հասցնի, իսկ Պակիստանը միջուկային զենքով առաջինը չհարվածելու այդ կետը չունի և Պակիստանը կարող է մեկնաբանել, որ եթե իր երկրին գոյաբանական վտանգ է սպառնում, ապա իրավունք ունի այդ զենքը օգտագործել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Նվարդ Չալիկյանը:

Ըստ Չալիկյանի՝ «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնը կապի մեջ է հնդկական փորձագիտական շրջանակների հետ և այնտեղից ստացված տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հնդկաստանը կհարձակվի Պակիստանի վրա:

«Հնդկական այդ փորձագիտական շրջանակներից շատերը կանխատեսում են, որ Հնդկաստանը կհարվածի Պակիստանին, բայց միջուկային զենքի կիրառման մասին առայժմ խոսք չկա, որովհետև չեմ կարծում, որ այդ քայլին գնալու կարիքն այս պահին կա: Իրավիճակն այս պահին այդպիսին չէ: Հնդկական փորձագիտական շրջանակները կարծում են, որ Հնդկաստանը քայլ առ քայլ կգնա էսկալացիայի, այսինքն՝ կարող են որոշակի գործողություններ իրականացնել Պակիստանում, որն էլ իր հերթին պատասխան հարված կտա Հնդկաստանին, որը կարող է տանել էսկալացիայի: Բայց ըստ այդ փորձագիտական շրջանակների՝ Հնդկաստանն ավելի ուժեղ է, քան Պակիստանը, ինչը փաստ է: Հնդկաստանը թե՛ իր բանակի, թե՛ ռեզերվային ուժերքի քանակով ավելի շատ է»,- նշեց Նվարդ Չալիկյանը:

Իսկ թե ինչպես կազդի Հնդկաստանի ու Պակիստանի միջև հնարավոր պատերազմը Հայաստանի վրա, Նվարդ Չալիկյանն ասաց.

«Հնդկաստանը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, ռազմական ոլորտում Հնդկաստանն այսօր զենքի ամենախոշոր մատակարարողն է Հայաստանին: Ես չեմ կարող ասել՝ արդյոք դա կազդի Հնդկաստանի կողմից Հայաստանի զենք մատակարերլու վրա, որովհետև Հնդկաստանը բավականին մեծ քանակի ռազմատեխնիկա արտադրելու ունակ երկիր է: Եթե պատերազմ լինի ու դրա արդյունքում առավելությունը Հնդկաստանի կողմը լինի, ապա դա կնշանակի Հնդկաստանի ուժեղացում և նա ավելի մեծ հավակնություններ կունենա հետագայում այդ թվում տարածաշրջանից դուրս իր ազդեցության գոտիները մեծացնելու համար, ինչը դրական կազդի հայ-հնդկական հարաբերությունների վրա: Բայց այդքան հեռու գնալու համար դեռ վաղ է, հաշվի առնելով, որ Չինաստանը բավականին լուրջ պաշտպանում է Պակիստանին»:

Մանրամասները՝ տեսանյութում: