Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժումը հող է նախապատրաստելու իշխանափոխության համար․ Կարինե Գևորգյան
03 Հունիսի 2024, 23:00
Իրանագետ և քաղաքագետ Կարինե Գևորգյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Իրանում դեռևս հետևում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը, բայց երբեք չեն շտապում եզրակացություններ անել։ Մի կողմից, հետևելով երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ ավանդական կրոնի և նրա ինստիտուտների վարկաբեկմանը, իրանական կողմը տպավորված է, որ մի կրոնական գործիչ նման կերպ ապստամբել է։
Ակնհայտ է, որ նրա թիկունքում կանգնած է ողջ եկեղեցին, քանի որ կաթողիկոսը որևէ կերպ չի դատապարտել նրա հասարակական-քաղաքական գործունեությունը, ինչը շատ կարևոր է։ Այնուհետև Կաթողիկոսին կից արքեպիսկոպոսների խորհուրդը որոշում է կայացրել կասեցնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ որպես Հայաստանի մարզերից մեկում ծառայող հովվապետի գործունեությունը: Բայց նրա՝ արքեպիսկոպոսի կոչումը չեն հանել, ինչը նույնպես շատ կարևոր է։
Սա նշանակում է, որ նման մեխանիզմը լիովին ընդունելի է, այսինքն՝ իրավական ու բարոյական աջակցությունը Էջմիածնից լիովին ակնհայտ է։ Իրանցիները, սկզբունքորեն, նույնիսկ տպավորված են այս շարժումից, քանի որ Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք՝ թե՛ բարոյական, թե՛ էթիկական, և թե՛ տարբեր աղանդների՝ օրինակ «Կյանքի խոսքի» տարածման առումով։
Ինչպես գիտենք, Աշտարակում կա Եհովայի վկաների կենտրոն, որն աշխատում է ողջ հետխորհրդային տարածքում։ Բնականաբար, իրանցիները չէին կարող դա չտեսնել, և ավանդական ինստիտուտների դեգրադացիան նրանց մոտ մտահոգություններ էր առաջացնում։ Այս առումով իրանական կողմը միանշանակ ունի որոշակի համակրանք»,- նշել է Կարինե Գևորգյանը։
Մեկնաբանելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերջնական արդյունքները՝ քաղաքագետը կոչ է արել ժամանակ տալ հանրային գիտակցությունը մաքրելու համար։
«Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժումը հող է նախապատրաստելու իշխանափոխության համար։ Մովսեսը հրեաներին առաջնորդեց անապատով 40 տարի։ Գոնե 40 օր ժամանակ տվեք Բագրատ Սրբազանին, որ մարդկանց ուղեղները, հոգիները մաքրի»,- եզրափակել է Կարինե Գևորգյանը։