Բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակից

25 Հուլիսի 2026, 11:44

Քաղաքականություն

Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, խախտել է մարդկանց անդորրը և հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը՝ մի քանի անգամ կրակոցներ արձակելով դեպի օդ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հուլիսի 20-ին Ջ. Տ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է իր կողմից կատարված արարքը։