Բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը իր գիրքը ներկայացրել է կիպրոսահայերին
24 Նոյեմբերի 2023, 17:02
Գրական և մշակույթի համազգային կենտրոնի Կիպրոսի գրասենյակի հրավերով՝ Կիպրոսում կայացել է բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» գրքի հեղինակ Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումը Նիկոսիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրել հայրենիքին նվիրված նրա բանաստեղծությունները։
Միջոցառման ընթացքում համայնքը ներկայացնող պատանիներից մեկն ասմունքել է Շահպարոնյանի՝ հունարեն թարգմանված բանաստեղծությունները։
«Կայացած և շնորհալի համայնք ունենք Կիպրոսում, հայրենիքից հեռու բնակվելով՝ նրանք ջանք և եռանդ չեն խնայում հայի ինքնությունը պահպանելու և ապագա հայրենասեր սերունդներ դաստիարակելու համար։ Այդ առումով նրանց կատարած աշխատանքները օրինակելի եմ համարում։ Հպարտ եմ և շատ ուրախ, որ հյուրընկալվել էի այս գաղթօջախում և ներկայացրել իմ՝ «Դեպի Հայաստան» գիրքը կիպրահայությանը»,- ասել է բանաստեղծուհին։
Կիպրոս կատարած շրջայցերի ընթացքում բանաստեղծուհին այցելել է Նիկոսիայում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի, ինչպես նաև Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամությունը խորհրդանշող հուշարձան։ Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումները Սփյուռքում շարունակական բնույթ են կրում։ Շուտով իր՝ «Դեպի Հայաստան» գրքի ներկայացումը պետք է կայանա նաև Իսպանիայում, Բարսելոնայում: