Բաքուն այժմ պատրաստ չէ լուրջ էսկալացիայի․ Կոնստանտին Կալաչով

Ռուս քաղտեխնոլոգ Կոնստանտին Կալաչովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է պատերազմի նոր էսկալացիայի հավանականությունը:

«Օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարեց, որ Հայաստանում պատասխանատվության գոտի է համարում ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ իրենք են պատասխանատու Հայաստանի սահմանի այն հատվածի համար, որը կարգավորված է։ Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը կարգավորված չէ, կազմակերպության պատասխանատվության գոտին ոչ մի տեղ չի սկսվում և ոչ մի տեղ էլ չի ավարտվում։ Ըստ այդմ, ես կարող եմ ենթադրել, որ Բաքուն, շատ լավ հասկանալով, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ՀԱՊԿ-ը, իսկ ՀԱՊԿ-ի հետևում կանգնած է Ռուսաստանը, չի միջամտի, փորձում է առաջ մղել իր շահերը։ Այսինքն՝ Բաքուն իրեն բացարձակապես հետևողական է պահում՝ հասկանալով, որ Հայաստանն այս իրավիճակում ստիպված է հույսը դնել միայն իր վրա», — ասել է Կալաչովը։

Փորձագետի խոսքով՝ Բաքուն ամենևին պատրաստ չէ գործը տանել դեպի լուրջ էսկալացիայի և առավել ևս՝ նոր պատերազմի։

«Բայց այդ ամենով հանդերձ, ես կարծում եմ, որ Բաքուն ամենևին պատրաստ չէ գործը տանել դեպի լուրջ էսկալացիայի և առավել ևս՝ նոր պատերազմի։ Որովհետև հիմա Ալիևին, որն անցել է ընտրությունների միջով, ով ստացել է հաղթողի արդյունքը, որը ենթադրում է, թե ինչպես կազմակերպել հարաբերությունները բոլոր առանցքային աշխարհաքաղաքական խաղացողների հետ, պատերազմ հաստատ պետք չէ։ Ինչի՞ համար է դա նրան: Ինչի՞ց շեղել: Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել: Ինչո՞ւ։ Որո՞նք են օգուտները: Ու՞մ է դա պետք: Բայց Ադրբեջանը ճնշում է գործադրելու։ Այնպես որ, եթե խոսենք էսկալացիայի մասին, պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ բառը։ Եթե էսկալացիան նշանակում է նոր պատերազմ, ոչ, պատերազմ չի լինի. Եթե էսկալացիան Բաքվի ճնշման շարունակությունն է, այո, Բաքուն կշարունակի ճնշում գործադրել, քանի որ հիմա ժամանակն աշխատում է Բաքվի օգտին», — նշել է Կալաչովը։

Քաղաքագետի խոսքով՝ Արևմուտքն այժմ ժամանակ չունի նաև Հարավային Կովկասի համար.

«Պետք է հասկանալ, որ պատմությունը ձգձգվում է, Արևմուտքն էլ հիմա Հարավային Կովկասի ժամանակը չունի։ Արևմուտքում պատրաստ են շփվել և ամեն կերպ ցույց տալ, որ Հայաստանն այլընտրանք ունի՝ մերձեցում Արևմուտքի հետ, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ մի իրավիճակում, երբ կա Գազայի հատվածի հետ կապված խնդիր, կա Ուկրաինայի խնդիրը, Հայաստանը հաստատ ուշադրության կենտրոնում չէ»,- եզրափակել է Կալաչովը։