Բաքուն միշտ սուր է արձագանքում Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակմանը, և նրանց համար դա նորմալ է. Սվետլանա Ժուրովա
10 Հունիսի 2025, 21:30
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Սվետլանա Ժուրովան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի, մեղադրում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն Ղարաբաղյան պատերազմի մասին փաստերը խեղաթյուրելու, ինչպես նաև Բաքվի այլ հակառուսական քայլերի համար:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը կապված է Մեդինսկու՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցի հետ։ Նախագահի օգնականն ասել է, որ եթե կանգնեցնեն ռուս-ուկրաինական հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և համաձայնության չգան խաղաղության շուրջ, ապա «Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի»:
Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը միշտ սուր է արձագանքում Ղարաբաղի թեմային։
«Բաքուն միշտ շատ սուր է արձագանքում Լեռնային Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակմանը։ Երբ մենք գտնվում էինք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), այս թեման միշտ վիճարկվում էր երկու պատվիրակությունների միջև, և յուրաքանչյուրն իրեն ճիշտ էր համարում: Բայց այս դեպքում նա (Մեդինսկին) հենց այդ մասին էր մտածում՝ որպես խնդիր, որը ծագել էր այս երկրների միջև։ Թվում էր, թե ամեն ինչ կարգավորվել էր, բայց ոչ մինչև վերջ։ Նա պարզապես ցանկանում էր տալ պատմական տեղեկանք, անցկացնել էքսկուրս, բայց ադրբեջանական կողմը միշտ շատ զգայուն է արձագանքում։
Չգիտեմ՝ ինչպես բացատրել (Մեդինսկու) խոսքերի նկատմամբ այսպիսի սուր արձագանքը պատմական համատեքստում։ Նրանց համար դա բնական է, նրանք կարծում են, որ որևէ արտաքին կողմ չպետք է այս թեման բարձրացնի», — ընդգծել է Ժուրովան։
Պատգամավորը նաև նշել է, որ ինքը մինչև հիմա գտնվում է ադրբեջանական պատժամիջոցների տակ՝ տարիների առաջ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով:
«Ես ինքս ադրբեջանական պատժամիջոցների մեջ եմ հենց Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Ինձ բողոքի նոտա է ներկայացվել։ Մենք ժամանակին այցելություն կազմակերպեցինք՝ ընդգրկելով հասարակական-քաղաքական գործիչների։ Մենք ցանկանում էինք նախ դիտարկել իրավիճակը Հայաստանի կողմից, իսկ հետո նաև Ադրբեջանի կողմից, բայց մենք Ադրբեջան չենք հասել, մեզ մեղադրել են, որ նախ գնացել ենք Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը դիտելու։ Շատ ցավալի էր, շատ էինք ուզում հետո գնալ նաև Ադրբեջանի կողմից, բայց այդ հնարավորությունը չտվեցին», — նշել է Ժուրովան։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում ռուսական ալիքների փակմանը, պատգամավորն ասել է, որ գուցե դրանք այն պայմաններն են, որոնք Եվրոպան առաջ է քաշել ԵՄ-ին միանալու դիմաց։