Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջել պատգամավորի մուտքը մերժելու համար
04 Մայիսի 2025, 17:20

Ադրբեջանը բացատրություն է պահանջել Ռուսաստանից՝ Մոսկվայի օդանավակայանում երկրի խորհրդարանի պատգամավոր Ազեր Բադամովին ձերբակալելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հաստատել է, որ Բադամովը, ով Աստրախան էր թռչում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանով, ձերբակալվել է: Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան՝ հայտարարելով Ռուսաստան մուտքի արգելքի մասին։ Ավելի ուշ ադրբեջանցի պատգամավորին հետ են ուղարկել Բաքու։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ մուտքի արգելքի մասին որոշումն ընդունվել է առանց նախնական ծանուցման և բացատրության: Ինչպես պնդում է Հաջիզադեն, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այդ հարցը հետաքննվելու է, սակայն չեն բացատրել այդ որոշման պատճառները:
Հարկ է նշել, որ Բադամովին ՌԴ-ի կողմից «սև ցուցակում» ընդգրկելը կապված է Ադրբեջանի հասցեին քննադատական արտահայտություններ արած ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին նրա լկտի արտահայտությունների հետ: