Բաքուն պատրաստ է համագործակցել Երևանի հետ անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում․ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար

07 Հոկտեմբերի 2026, 13:40

Քաղաքականություն

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին տրամադրել ԴՆԹ-ի նմուշներ՝ իր կողմից օկուպացված տարածքներում հայտնաբերված աճյունների նույնականացման համար, որոնք ենթադրաբար պատկանում են հայ զինծառայողների։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներն, այս մասին անհետ կորած անձանց հարցերով IV միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևը։

Նրա խոսքով՝ այդ տարածքներում հայտնաբերված աճյունների փորձաքննության արդյունքում համապատասխանություն չի հայտնաբերվել հայկական կողմի կողմից անհետ կորած համարվող 50 անձանց ԴՆԹ պրոֆիլների հետ։ Նաղիևը նշել է, որ այդ ԴՆԹ պրոֆիլները Հայաստանը փոխանցել է 2026 թվականի հունվարին։

«Մենք պատրաստ ենք համագործակցել երկու կողմերի անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Սակայն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն։ Հայաստանը պետք է տրամադրի բոլոր տեղեկությունները անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանատեղերի մասին, ինչպես նաև պայմաններ ստեղծի համապատասխան արխիվները բացելու և վկայություններ հավաքելու համար», — հայտարարել է Նաղիևը։

Նրա խոսքով՝ խոսքը իրավական պարտավորության և հումանիտար պատասխանատվության մասին է։

«Նման քայլերը նաև խաղաղությանը նվիրվածության գործնական հաստատում կլինեն։ Անհետ կորած մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը չպետք է կախված լինի քաղաքական պայմաններից», — ընդգծել է Նաղիևը։

Նա նաև հայտնել է, որ 2025 թվականի փետրվարից պետական հանձնաժողովն ուղիղ կապ է պահում Հայաստանի համապատասխան հանձնաժողովի հետ։ Այդ շրջանակում անցկացվել են հանդիպումներ և իրականացվել է տեղեկատվության փոխանակում։

Հիմա եթերում