Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել են Ադրբեջանի պետական մակարդակով. Աննա Աստվածատուրյան-Թերքոթ
17 Հունվարի 2025, 22:30
Alpha News-ի եթերում ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, Բաքվի նախկին բնակիչ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը խոսել է 1988 թվականին Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց ականատես են եղել ինքը և իր ընտանիքի անդամները։
Նրա խոսքով՝ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ դա հնարավոր է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում։
«Ես ծնվել եմ 1978 թվականին Բաքվում, մենք ապրում էինք քաղաքի կենտրոնում, իմ մանկությունը շատ հանգիստ էր, շրջապատում շատ հարազատներ կային, և մենք նույնիսկ չէինք պատկերացնում մեր կյանքը Բաքվից դուրս։ Մենք հարազատներ ունեինք և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, բայց մեր հարազատների մեծ մասն ապրում էր Բաքվում։ 1988 թվականին, Սումգայիթի դեպքերի ժամանակ, երբ ադրբեջանցիների ամբոխը հարձակվեց հայերի վրա, մեզ համար շատ դժվար էր հավատալ, որ դա կարող է տեղի ունենալ Խորհրդային Միությունում։ Այն ժամանակ ես արդեն 10 տարեկան էի, և ծնողներիս շատ հարցեր տվեցի։ Ինձ ոչինչ չուզեցին ասել, քանի որ իրավիճակը շատ լարված էր հատկապես դպրոցներում։ Բայց տատիկս ինձ շատ է պատմել Ղարաբաղի, մեր պատմության մասին։ Այդ ժամանակ սկսեցի օրագիր գրել»,- պատմել է Աննան։
Իր օրագրում նա նկարագրել է իր մանկությունը և այն ամենն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ։
«Այդ ժամանակ հորեղբայրս գործուղվել է Սումգայիթ և տեսել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Նա վերադարձավ ու ընտանիքի բոլոր անդամների հետ հեռացավ Բաքվից։ Տեսածից հետո նա այլևս չէր պատկերացնում կյանքը Բաքվում։ Հորեղբայրս տեսել է, թե ինչպես են սպանում կանանց ու աղջիկներին, ինչպես են այրում բնակարանները։ Իրավիճակը լարված էր, բայց մենք չէինք կարծում, որ դա կարող է լինել Ադրբեջանի մայրաքաղաքում»,- նշել է Աննա Աստվածատուրյանը։