Բաքվում վրդովվել են ռուսական հեռուստաալիքով Արցախի քարտեզի ցուցադրումից

08 Մայիսի 2026, 15:38

Քաղաքականություն

Բաքուն վրդովվել է ռուսական հեռուստաալիքով Արցախի քարտեզի ցուցադրումից: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական կողմին իր դժգոհությունն է հայտնել նաև «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործման համար։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մայիսի 6-ին ռուսական «Առաջին ալիք»-ով ցուցադրվող «Время покажет» հաղորդման ընթացքում Ադրբեջանի խեղաթյուրված քարտեզի ցուցադրումը, ինչպես նաև քարտեզի վրա գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության կիրառումը լուրջ սադրանք է և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականությունը խրախուսող նարատիվների տարածումը, չնայած ռուսական կողմի այն հայտարարություններին, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն»։

«Պետական լրատվամիջոցների նման անպատասխանատու և կողմնակալ մոտեցումն անթույլատրելի է։ Մենք ռուսական կողմից ակնկալում ենք հստակ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցների ձեռնարկում՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։