Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌՀՄ նախագահը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին
13 Հունիսի 2025, 15:30
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ խնդրելով հնարավոր ամեն բան անել՝ ապահովելու համար այն հայերի անվտանգությունը, որոնք իրանական իրադարձությունների ֆոնին հայտնվել են Բաքվի օդանավակայանում:
«Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում կիրառված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան ավելի քան 10 ինքնաթիռ վայրէջք է կատարել Բաքվում։ Մասնավորապես, վայրէջք են կատարել Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ ուղղություններից Դուբայ մեկնող ինքնաթիռները: Այդ չվերթների ուղևորների թվում եղել են հայկական ծագումով և հայկական ազգանուններով քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ։
Նկատի ունենալով հայատյաց քաղաքականությունը, որը պաշտոնական Բաքուն տասնամյակներ շարունակ քարոզում և ներդնում է ադրբեջանական հասարակության մեջ, ինչպես նաև 44-օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի ձերբակալության և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ խնդրելով իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ՝ կանխելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայազգի անձանց՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ հնարավոր անօրինական գործողությունները:
Ըստ ՌՀՄ դիմած ուղևորների հարազատների՝ Դուբայ մեկնող մեր հայրենակիցներն կապի դուրս չեն գալիս:
ՌՀՄ-ն կոչ է անում նաև ՀՀ ԱԳՆ-ին՝ անել հնարավորը՝ ապահովելու իրենց կամքին հակառակ Բաքվում վայրէջք կատարած հայերի անվտանգությունը»,-ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ: