Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության չափանիշներին․ ICJ

19 Մայիսի 2026, 17:45

Քաղաքականություն

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists-ICJ) հրապարակել է «Արդարադատությունը ճնշման ներքո․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» զեկույցը, որտեղ քննադատության են ենթարկվել Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարությունները։

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործերը ցույց են տալիս ադրբեջանական դատական համակարգի խնդիրները։ Դատական նիստերը հիմնականում անցկացվել են փակ ռեժիմով, միայն պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներին է թույլատրվել մասնակցել, մինչդեռ միջազգային դիտորդների, օտարերկրյա լրագրողների և մեղադրյալների հարազատների մուտքն արգելվել է։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Դատախազությունը նրան մեղադրանքներ է առաջադրել՝ կապված դեռևս 1988 թվականի իրադարձությունների հետ, երբ նա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր, մինչդեռ նրա քաղաքական գործունեությունը սկսվել է միայն 2022 թվականի վերջում։ ICJ-ն նշում է, որ նման հետապնդումը լուրջ կասկածներ է առաջացնում օրինականության սկզբունքի պահպանման հարցում։