Այս իշխանությունները խաղամոլությունն ու թմրամոլությունը դարձրել են ներկայիս Հայաստանի «բրենդը». Աննա Գրիգորյան
04 Հունիսի 2026, 19:00
Մենք այստեղ կանգնած ենք մի թիմով, որի գործունեությունը վերջին տարիներին եղել է ձեր աչքի առաջ: Այս մասին Սևանում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես ցանկանում է առանձնացնել Սևանում Իշխան Սաղաթելյանի իրականացրած գործունեությունը
«Դուք բոլորդ տեսել եք, որ այն ժամանակ, երբ ոմանք խուսափել են պատասխանատվությունից, Իշխան Սաղաթելյանը և մեր ամբողջ քաղաքական թիմը չի վարանել, չի կասկածել, գնացել է պայքարի: Պայքարել են, և դա եղել է մեր պայքարի ամենակարևոր հանգրվաններից մեկը, և մենք միասին փոխելու են իրավիճակը»,- նշել է Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ժողուվուրդը պետք է ոգով ամրանա, քանի որ պետք է հեռացնել Հայաստանին պատերազմ բերած իշխանությանը:
«Մենք պետք է վռնդենք մեզ պատերազմ, պարտություն բերածներին, մեր երկրում թշնամանք արմատավորածներին, Հայաստանը Սփյուռքից կտրածներին, մարդկանց, որոնք խաղամոլությունն ու թմրամոլությունը դարձրել են ներկայիս Հայաստանի «բրենդը»: Սա այն իրավիճակն է, որ մենք փոխելու ենք»,-ընդգծել է Աննա Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ անհնար է ապրել ներկայիս ատելության և պառակտվածության պայմաններում։ «Ունենալով իրական թշնամիներ երկրի սահմաններից դուրս՝ անթույլատրելի է այն թշնամական մթնոլորտը, որը հիմա կա Հայաստանում»,- հավելել է նա։