Բասկետբոլիստները զրկվել են մարզվելու ու մրցաշարերին հավուր պատշաճի ներկայանալու հնարավորությունից․ Թովմաս Օրդանյան
11 Հուլիսի 2026, 14:22
«Օլիմպավան»-ի մոտ ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպված ակցիայի ժամանակ բասկետբոլի մարզիչ Թովմաս Օրդանյանը հայտնել է, որ մարզիկները զրկվել են մարզվելու ու մրցաշարերին հավուր պատշաճի ներկայանալու հնարավորությունից։
«Հիմա պատերի տակ նստած այդ երեխաները բասկետբոլի սաներ են, որոնք ցանկանում են, որ օր առաջ բացվի կենտրոնը, և իրենք սկսեն իրենց մարզումները։ Բացի այդ, միջազգային մրցումներ են անցկացվում, և Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականի տղաները հենց «Օլիմպավանի» սպորտբազայում էին բնակվում, քանի որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Առավոտյան շուտ եկել ու տղաներին ասել են, որ ընդամենը 5 րոպե ժամանակ ունեն տարածքն ազատելու համար, ինչը շատ սխալ մոտեցում է։
Չմոռանանք, որ նրանք մարզիկներ են, և կարևոր է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը։ Նրանք առաջին երկու հանդիպումը շատ լավ անցկացրին, սակայն երրորդ խաղը, որտեղ մրցակիցն ավելի թույլ էր, շատ վատ խաղացին. կարծում եմ՝ հենց այս դեպքն էր պատճառը»,– նշել է Օրդանյանը։