Բատայսկում տեղադրել են Նելսոն Ստեփանյանի արցախյան հուշարձանի կրկնօրինակը

06 Մայիսի 2025, 18:50

Հայեր

Բատայսկ քաղաքի Օդագնացների պուրակում տեղի է ունեցել Անատոլի Սերովի անվան օդագնացների ռազմական դպրոցի շրջանավարտների՝ երեք լեգենդար օդաչուների կիսանդրիների բացման արարողությունը: Օդաչուներ Նիկոլայ Սկոմորոխովը, Վիտալի Պոպկովը և Նելսոն Ստեփանյանը երկու անգամ ճանաչվել են Խորհրդային Միության հերոսներ:

Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ նրանց հիշատակը հավերժացել է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի նախաձեռնությամբ, որն անցկացնում է պատերազմի նշանավոր հերոսների հուշարձանների տեղադրման ակցիա:

«Երբ մեր նախնիները զոհվեցին, բոլորը պայքարեցին և կռվեցին մեկ հայրենիքի պահպանման համար։ Պատմությունը մեզ մոտ ընդհանուր է, հաղթանակներն՝ ընդհանուր, մենք պետք է պահպանենք պատմական հիշողությունը։ Մեր երեխաները պետք է իմանան ճշմարտությունը, իրենց հերոսներին և նրանց, որոնք արյուն են թափել, որ մենք այսօր այստեղ ապրենք», — նշել է հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը։

Ի սկզբանե հայ համայնքի ներկայացուցիչները ծրագրում էին տեղադրել կիսանդրի՝ ի հիշատակ իրենց հայրենակից Նելսոն Ստեփանյանի, բայց երբ վարչությունը սկսել է ուսումնասիրել Բատայսկի ավիացիոն դպրոցի պատմությունը, որտեղ սովորել է Ստեփանյանը, պարզվել է, որ դպրոցի երեք շրջանավարտները Խորհրդային Միության կրկնակի հերոսներ են։ Այդ ժամանակ միաձայն որոշում է կայացվել հավերժացնել բոլոր երեք նշանավոր օդաչուների հիշատակը։