«Բեգլար Վասիլյան. Ապարան-Բեռլին». Հայրենական մեծ պատերազմի հերոսի պատմությունը
15 Դեկտեմբերի 2024, 23:10
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հայրենական մեծ պատերազմի մասնակից Բեգլար Վասիլյանը ծնվել է 1922թ. դեկտեմբերի 15-ին հայկական Լուսագյուղ գյուղում:
Նա երազում էր դառնալ գրականագետ, դերասան․.. իրավունքի կամ փիլիսոփայության պրոֆեսոր, տարված էր Հեգելով, Կանտով: 1941 թվականի դեկտեմբերի վերջին Բեգլարը մեկնել է ծառայելու խորհրդային բանակում՝ այն ժամանակ ձևավորված 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայում։
Նրան նշանակել են սակրավորների գումարտակում։ 1942թ-ին մասնակցել է Հյուսիսային Կովկասում ծավալված ռազմական գործողություններին: 1943-ի աշնանը նրա ստորաբաժանումը բերվել է Կերչի ափ: Առանձին մերձծովյան բանակի կազմում 89-րդ Թամանյան դիվիզիան հարձակման է անցել հարավից, իսկ Չորրորդ ուկրաինական ճակատը՝ հյուսիսից։
Կերչի ազատագրման ժամանակ ցուցաբերած արիության և խիզախության համար Բեգլար Վասիլյանին շնորհվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշան: Մայիսին՝ Սևաստոպոլի ազատագրման ժամանակ պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Վարշավայի ազատագրումից հետո՝ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով։
Բեգլար Վասիլյանի մասին գրվել են մի քանի գրքեր, այդ թվում՝ «Հուշեր Հայրենական մեծ պատերազմի մասին» և «Թամանցի հայերը»:
1945 թ-ին երբ սկսվել է Բեռլինի վրա հարձակումը, Վասիլյանը եղել է սակրավորների ջոկատի հրամանատար։ Նա շտաբի պետից հրաման է ստացել, որ պայթուցիկ նյութ պետք է հասցնել և տեղադրել ամրոցի պատերի տակ: Մոտ մեկուկես տոննա պայթուցիկ է տեղադրվել և պայթեցվել։ Ամրոցը չի տուժել, սակայն թշնամու ճամբարում խուճապ է սկսվել և հանձնվել են։ Բերդի պատերից մեկի վրա հայ զինվորը գրել է. «Բեգլար Վասիլյան. Ապարան-Բեռլին»։
Հարցին՝ ինչու է Վասիլյանը գրել «Ապարան-Բեռլին», այլ ոչ թե «Հայաստան-Բեռլին», նա պատասխանել է․ «Աշխարհը գիտի՝ ամբողջ Հայաստանը կռվում է ֆաշիստական Գերմանիայի դեմ, իսկ Ապարանը Հայաստանում է»։
Բեգլար Վասիլյանը կյանքից հեռացել է 2013 թվականի դեկտեմբերի 25-ին՝ 91 տարեկանում։