Բելառուսում երրորդ դպրոցն է անվանակոչվել Մարշալ Բաղրամյանի անունով
16 Ապրիլի 2025, 21:50
«Բելառուսի Խաղաղության հիմնադրամ»-ը և Մարշալ Բաղրամյանի անվան պատմական հիշողության պահպանման հիմնադրամը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Մինսկում նախաձեռնել են «Չորս ճակատ՝ մեկ հաղթանակ» նախագիծը: Այս նախագիծն ուղղված է նախնիների քաջության և հերոսության պատմական հիշողության պահպանմանը։
1944 թվականի հունիսի 23-ին սկսվել է Բելառուսի ազատագրման «Բագրատիոն» հարձակողական գործողությունը։ Հուլիսի 3-ին Բալթյան 1-ին, 3-րդ, 2-րդ և 1-ին բելառուսական ճակատների խորհրդային զորքերն ազատագրել են Բելառուսի տարածքը և նրա մայրաքաղաք Մինսկը: Խորհրդային զորավար Հովհաննես Բաղրամյանը «Բագրատիոն» գործողության ժամանակ եղել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատարը։
1944 թ. հուլիսի 29-ին այդ գործողության ժամանակ ռազմաճակատի զորքերի ունեցած ակնառու հաջողությունների և անձնական արիության համար Հովհաննես Բաղրամյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչմանը։
Հանդիսավոր միջոցառումները մեկնարկել են Մինսկ քաղաքում Հաղթանակի հուշարձանից։ Ծաղկեպսակի զետեղման արարողությանը մասնակցել են նաև չորս հրամանատարների ժառանգները:
Միջոցառումների շրջանակում Մինսկ քաղաքի 148-րդ դպրոցը անվանակոչվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունով: Դպրոցում տեղի է ունեցել նաև Բաղրամյանի անվան Հայրենական Մեծ պատերազմի պատմության թանգարանի բացման արարողությունը, որին մասնակցում էին մարշալի թոռները:
Սա Բելառուսում արդեն երրորդ դպրոցն է, որն անվանակոչել են մեծ զորավար Բաղրամյանի անունով:
«Չորս ճակատ՝ մեկ հաղթանակ» նախագծի շրջանակում Բելառուսի Ազգային գիտությունների ակադեմիայում էլ տեղի է ունեցել «Նրանց անուններով են կոչվել… Մեծ Հաղթանակի օրվա կապակցությամբ» խորագրով միջազգային կլոր սեղան:
Միջոցառումներին մասնակցել են գիտաշխատողներ, քաղաքացիական ծառայողներ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և Բելառուսի իշխանության այլ մարմիններ: