Բելգիայի հավաքականն այսօր հաղթելու քիչ շանսեր ունի. Ռոբերտ Գասպարյան

10 Հուլիսի 2026, 23:50

Սպորտ

«Կարծում եմ՝ Բելգիայի հավաքականն այսօր հաղթելու քիչ շանսեր ունի: Իսպանիայի կազմն այս պահին շատ ավելի ուժեղ է, կայացած և երիտասարդ, սակայն ֆուտբոլում անակնկալներ միշտ լինում են»,- «Alpha News»-ի հետ զրույցում նշել է մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը:

Նա հիշեցրել է ԱՄՆ-ի հավաքականի հետ Բելգիայի խաղը, որտեղ ամերիկացիներին ֆավորիտ էին համարում, սակայն բելգիացիները կարողացան 4։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տանել և դուրս գալ քառորդ եզրափակիչ։

Անդրադառնալով մրցաշարային ցանցի վերաբերյալ քննարկումներին և այն տեսակետներին, թե ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն «մարքեթինգային նպատակներով» հեշտացնում է Արգենտինայի հավաքականի ու Լիոնել Մեսսիի ճանապարհը դեպի եզրափակիչ՝ Ռոբերտ Գասպարյանը հայտնել է իր տեսակետը.

«Ես համամիտ չեմ դավադրությունների այն տեսություններին, թե Ինֆանտինոն հատուկ ճանապարհ է հարթում Արգենտինայի համար: Որպես ֆուտբոլի ներսում գտնվող մարդ՝ չեմ հավատում, որ աշխարհի առաջնության նման մակարդակի մրցաշարում հնարավոր է ինչ-որ բան կազմակերպել: Ինչ վերաբերում է Եգիպտոսի հավաքականի շուրջ խոսակցություններին, ապա նրանք շատ վատ անցկացրին խմբային փուլը և միայն վերջին պահին կարողացան շարունակել պայքարը, քանի որ մրցակցի վերջին վայրկյանի գոլը չհաշվվեց մի քանի միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով»,- ընդգծել է մեկնաբանը։

Նա նշել է, որ կանխատեսում է 2022 թվականի պատմական եզրափակչի կրկնությունը՝ Արգենտինա-Ֆրանսիա դիմակայությունը, քանի որ այս պահին դրանք մրցաշարի ամենաուժեղ թիմերն են, որտեղ փայլում են Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն: