Նախքան Բերձորի միջանցքը փակվելը եղած ստատուս քվոյին վերադարձ չի լինի. Հակոբ Բադալյան

07 Օգոստոսի 2023, 19:38

Քաղաքականություն

Արցախի նախագահի հարցազրույցում չկային ձևակերպված քաղաքական անելիքներ և ասելիքներ ուղղված ԼՂ կարգավորման գործում ներգրավված երկրներին, որոնք կլինեին նորություն ու կհետաքրքրեին արտաքին խաղացողներին:

Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը` անդրադառնալով ԱՀ նախագահի հարցազրույցին։

Ըստ Բադալյանի՝ դա Արայիկ Հարությունյանի բացթողումն է։

Բադալյանի կարծիքով` Արցախն այսօր այնպիսի վիճակում է, որ շատ բան ասել իրեն թույլ տալ չի կարող, քանի որ դրա դիմաց հետո պետք է կարողանա պատասխան տալ, բայց ճիշտ կլիներ, որ Հարությունյանի հարցազրույցի բովանդակությունը կենտրոնացվեր խոսուն առաջարկների վրա: Այդտեղ պետք է քաղաքական երկխոսության նախադրյալներ նշմարվեին, ինչը տեղի չունեցավ:

«Արցախի նախագահը պարզապես արձանագրել է իրավիճակը: Ստեղծված իրադրության պատասխանատվությունն ունի նաև ՌԴ-ն՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրած կողմ և կողմ, որի վերահսկողությանն է հանձնված Լաչինի (Բերձոր) միջանցքը: Սա ՌԴ հասցեին որպես մեղադրանք կարող ենք դիտարկել զուտ մեկնաբանության տեսանկյունից: Սա իրողություն է: ՌԴ-ն իր պատասխանատվությունը փորձում է տեղափոխել Հայաստանի վրա՝ ասելով, որ Պրահայում ձեռք բերված համաձայնությունը Ռուսաստանին զրկել է ավելի արդյունավետ լինելու հնարավորությունից»,- շեշտել է քաղաքական մեկնաբանը:

Այս տեսանկյունից Հակոբ Բադալյանը համակարծիք է Արայիկ Հարությունյանի դիտարկման հետ առ այն, որ կա եռակողմ համաձայնագրով ստանձնված գործառույթների իրականացման հարց նաև Հայաստանի դաշնակցի համար, ինչը չենք տեսնում:

«Դեկտեմբերի 12-ից, երբ փակվեց Բերձորի միջանցքը ես առիթ եմ ունեցել ասելու, որ ցավոք սրտի, մենք այս գործընթացից հետո չենք ունենալու այն նույն ստատուս քվոն, որը կար դրանից առաջ: Եթե Ադրբեջանը գնացել է միջանցքը փակելու քայլին, դա նշանակում է, որ որոշակիորեն միջազգային լոյալության հաշվարկ է արել»,- այս համոզմունքն է հայտնել Հակոբ Բադալյանը և ընդգծել, որ Բերձորի միջանցքի հարցն այս առումով փակուղում է, քանի որ նախկինին վերադարձի ակնկալիքը գործանակում անիրատեսական է:

Ըստ նրա՝ վիճակն այնպիսին է, որ պատասխանատվություն ունեն բոլորը և բոլորը պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը՝ թե՛ գործող իշխանությունը, թե՛ Արցախի նախկին նախագահները, որոնք ևս իրենց դերակատարությունն ունեն Արցախի հասարակական պատկերում:

Հիշեցնենք՝ Արցախի Հ/Ը-ին տված հարցազրույցում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Արացխի շուրջ ստեղծված իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո. «Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի քաղաքական դրությունից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ հայտարարության կետերի՝ մեզ տրված իրավունքներից և երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով։ Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ խնդրանքներ, նամակներ են հղվել առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին, միջազգային բոլոր դերակատարներին և այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք դրա մասին զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մեկ տարի առաջ մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն: Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից» :

Մանրամասները՝ տեսանյութում: