Բոլոր մակարդակներում հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են վատթարանալ. Վիտալի Տրետյակով
19 Մայիսի 2025, 20:00
Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, պրոֆեսոր, լրագրող, քաղաքագետ Վիտալի Տրետյակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունները։
Անդրադառնալով Բաքվի և Երևանի բանակցային գործընթացին՝ պրոֆեսորը նշել է, որ Ադրբեջանը չի հրաժարվի իր մտադրություններից:
«Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն անհասկանալի է: Իսկ պաշտոնական դիրքորոշումն այն է, ինչ ասում և անում է վարչապետ Փաշինյանը։ Պաշտոնական գիծը մնում է նույնը։ Սա Հայաստանի նահանջն է դե ֆակտո ռազմական, աշխարհառազմավարական, աշխարհաքաղաքական պարտությունից հետո, մասնավորապես՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության տարօրինակ պահվածքի պատճառով։ Ղարաբաղը հանձնելուց հետո շարունակվում է Հայաստանի նահանջը և Ադրբեջանի հարձակումը, այդ թվում՝ տարածքային: Կարծում եմ՝ Ադրբեջանը չի հրաժարվի իր մտադրություններից: Հասկանալի է, որ իրական սահմանային գծում կան որոշակի տարածքային խնդիրներ, բայց դա, ինչպես հասկանում եմ, իրականում չի անհանգստացնում Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, այսինքն՝ անհանգստացնում է նրանց, բայց նրանք հույսը կապում են Եվրոպայի հետ»,- ասել է Տրետյակովը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի եվրաինտեգրումից ոչ մի լավ բան չի ստացվի։
«Այն, ինչ այժմ գերիշխող է Եվրամիությունում, իմ կարծիքով, հակասում է հայ հասարակության ավանդական բարոյականությանը: Ի՞նչն է կապում Հայաստանն ու նրա մշակույթը Եվրոպայի հետ: Ինչո՞ւ պետք է միանալ կործանվող, մեռնող աշխարհաքաղաքական քաղաքակրթական նախագծին այն հույսով, որ նրանք կսկսեն փրկել ձեզ, կօգնեն ձեզ և կունենան դա անելու ուժ: Եթե Հայաստանը կարող է հույսը դնել որևէ մեկի վրա, դա կա՛մ Ռուսաստանն է, կա՛մ Իրանը»,-նշել է նա:
Տրետյակովի կարծիքով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր կարելի է գնահատել որպես վատթարացող:
«Դեռևս Փաշինյանից առաջ, ինչպես հայտնի է, պահանջներ կային թե՛ Ռուսաստանի, թե՛ Երևանի կողմից, բայց այսպես թե այնպես հարաբերությունները կարելի էր դաշնակցային կամ մտերիմ անվանել: Գումարած՝ երկու ժողովուրդների միջև լավ հարաբերություններ կային մտավոր վերնախավի, կրթված խավի մակարդակով։ Եվ հիմա նույնիսկ սա շատ առումներով վատթարացել է։ Պաշտոնական հարաբերություններնինչ-որ խղճուկ վիճակում են, իսկ ՀՀ վարչապետի պահվածքը ծիծաղի առարկա է դառնում կամ տարակուսանք առաջացնում: Որքանով ես գիտեմ և հասկանում եմ, մեր պաշտոնական հարաբերությունները բոլոր մակարդակներում շարունակում են վատթարանալ»,-եզրափակել է Տրետյակովը: