Բուլղարիայում կան ուժեր, որոնք խանգարում են Ապրիլի 24-ին խորհրդարանում հարգել անմեղ զոհերի հիշատակը. Թոփակբաշյան
12 Փետրվարի 2025, 22:10
Բուլղարիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Բուլղարիայի խորհրդարանում նշելու ու դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին:
«Բուլղարիայում ապրող թուրքերի հետ լավ հարաբերություններ ունենք: Անշուշտ, խոսում եմ մարդկային, այլ ոչ քաղաքական հարաբերությունների մասին: Դա արդեն ուրիշ դաշտ է: Մեր պառլամենտում գործող թուրքական կուսակցությունը միշտ խանգարում է, երբ մենք ուզում ենք՝ Ապրիլի 24-ը հարգանքի ձևով նշվի պառլամենտում: Նրանք բողոքում են, ելույթներ են ունենում ու հեռանում: Լուրջ խնդիրներ ունենք, մանավանդ՝ մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015 թվականը։ Նրանք խանգարում էին, որ ընդունվի բանաձև, ցույց տրվի, որ Բուլղարիան նույնպես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, ամեն ինչ հաջողությամբ ավարտվեց ու 2015-ին նրանք ընդունեցին նման բանաձև»,- ասել է մեր զրուցակիցը:
Վարդանուշ Թոփակբաշյանի խոսքով՝ Բուլղարիայի խորհրդարանի որոշ քաղաքական ուժեր ընդդիմանում են, երբ որոշվում է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել:
«Ցավով եմ նշում՝ կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են այնպես անել, որ այդ օրը պառլամենտում չնշվի: Մենք վրդովված էինք, որ Բուլղարիայի ներկայիս վարչապետը, ով անցյալ տարի պառլամենտի նախագահն էր, երբ 4-5 կուսակցություններ ելույթ ունեցան ու առաջարկեցին, որ մեկ րոպե լռությամբ հարգեն Ցեղասպանության օրը, թուրքերը, անշուշտ, դահլիճում չէին, բայց նա միակն էր, ով ոտքի չկանգնեց ու նստած մնաց իր աթոռին: Մենք բողոքեցինք: Մի խոսքով՝ ունենք այսպիսի խնդիրներ»,- նկատել է Վարդանուշ Թոփակբաշյանը: