Բունդեսլիգան ներկայացնող «Վոլֆսբուրգը» հետաքրքրված է Թիկնիզյանով

13 Հուլիսի 2023, 17:25

Սպորտ

Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Վոլֆսբուրգը» հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով:

Գերմանական ակումբի ներկայացուցիչները 24-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Ուելսի և Լատվիայի հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումներում: Թիկնիզյանն ուելսցիների դեմ Կարդիֆում կայացած խաղում կատարել էր գոլային փոխանցում, իսկ Լատվիայի թիմի դեմ Երևանում կայացած մրցավեճում դարձել էր գոլի հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքված են իսպանական «Ռեալ Սոսյեդադը», իտալական «Էմպոլին» և «Բոլոնիան»:

Ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել էր 37 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2.5 միլիոն եվրո։