Բողոքի ցույց՝ Ելիսեյան պալատի դիմաց․ ֆրանսիացի ոստիկանները պահանջում են բարձրացնել հավելավճարները
18 Նոյեմբերի 2026, 23:20
Փարիզում Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները դուրս են եկել բողոքի ցույցի՝ պահանջելով բարձրացնել ծառայության ընթացքում բարձր ռիսկի պայմաններում աշխատանքի համար նախատեսված հավելավճարները։ Ցույցի տեսանյութերը լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում։
«Alliance Police» արհմիության դրոշների ներքո հավաքված ցուցարարներն ընդգծել են, որ ամեն օր բախվում են փողոցային ագրեսիայի, ինչպես նաև ստիպված են լինում մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել՝ զանգվածային անկարգությունների և ցույցերի ժամանակ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելիս։
Ակցիայի որոշ մասնակիցներ վրաններ են տեղադրել անմիջապես Ելիսեյան պալատի մուտքի դիմաց։
Ոստիկանների այս բողոքի ակցիային նախորդել էր արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման՝ CRS 8-ի ծառայողների բողոքի գործողությունը։ Դրանից մեկ օր առաջ ստորաբաժանման բոլոր ծառայողները միաժամանակ հիվանդության պատճառով արձակուրդ էին վերցրել՝ փաստացի հրաժարվելով ապահովել հերթական բողոքի ցույցի անվտանգությունը։