Բրյանցևի միջազգային փառատոնում կցուցադրվի Արմեն Քուշկյանի ներկայացումը
16 Ապրիլի 2025, 09:15

Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում ապրիլի 14-ից 17-ը կանցկացվի Բրյանցևի 26-րդ թատերական միջազգային հեղինակավոր փառատոնը՝ մանկական թատերական խմբերի մասնակցությամբ։
Փառատոնի շրջանակներում ապրիլի 16-ին կներկայացվի բեմադրող ռեժիսոր Արմեն Քուշկյանի «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացումը: Այն կներկայացնի Երևանի «ԳԱՈՒՍ» թատերախումբը:
Իրենց բեմադրություններով հանդես կգան նաև թատերական խմբեր Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Թունիսից և Աբխազիայից: Ներկայացումները գնահատելու է միջազգային ժյուրին՝ Պետերբուրգի թատրոնի գլխավոր ռեժիսոր Սուսաննա Ցիրյուկի ղեկավարությամբ:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև բեմական խոսքի, ժամանակակից պարերի և դերասանական վարպետության դասեր: