Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

13 Հուլիսի 2023, 12:38

Քաղաքականություն

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։

«Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և  Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, Քիշնեւում կայացած բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ եռակողմ ձևաչափով իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին:

Հավելենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցային ներկա գործընթացի միջնորդներից է: Մասնավորապես, ԵՄ հովանու ներքո 2022 թ հոկտեմբերին Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի էր ունեցել   ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի, ԵԽ նախագահ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը, որի ընթացքում   Փաշինյանն ու Ալիեւը հաստատել էին հանձնառությունը՝  ՄԱԿ-ի կանոնադրության և  1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Այս պայմանավորվածությունից հետո փորձագիտական շրջանականերն արձանագրեցին, որ այդպիսով,  փաստորեն, Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ անտեսելով ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը, որով Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ անտեսելով փաստը, որ նույն 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով:

Հիշեցնենք նաեւ, որ պրահյան հանդիպումից շաբաթներ առաջ Ադրբեջանը ագրեսիա էր իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝  օկուպացնելով  տարածքներ Ջերմուկում և Սյունիքում։