Ցանկացած հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անխոնջ պայքարով և փորձություններին դիմակայելով. Գարեգին Բ

09 Մայիսի 2025, 10:48

Հայեր

Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի տոնի առիթով, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման 80-ամյակը մենք նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշողություններով: Ցանկացած հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անխոնջ պայքարով և փորձություններին դիմակայելով: Բազմադարյա պատմության ողջ ընթացքում մեր ժողովուրդն անձնվիրաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության և խաղաղության հաստատմանը: Գիտակցելով դա՝ հարյուր հազարավոր հայեր Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին պայքարեցին ֆաշիզմի դեմ՝ հանուն անվտանգ և բարգավաճ աշխարհի ստեղծման: Նույն գիտակցումով մեր ազգը պետք է պաշտպանի արցախահայության՝ իր հայրենի հողում անկախ և անվտանգ ապրելու իրավունքը:

Եվ այսօր, մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ արցախահայության տեղահանման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների առջև, մենք պետք է մնանք տոկուն՝ վառ պահելով ոգու արիությունը, հավատի ուժն ու պայծառ ապագայի տեսլականը, և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակների ենք հասել միայն մեր հայրենիքի միասնականության, սիրո ու նվիրվածության շնորհիվ:

Ուստի, խոնարհվելով մեր հերոսների անմար հիշատակի առջև, ոգեշնչվենք նրանց վառ օրինակով, համատեղ ջանքերով և փոխադարձ աջակցությամբ կերտենք մեր կյանքի ապագան նոր ձեռքբերումներով և համաժողովրդական բարի ձեռքբերումներով: Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին»: