Ծառուկյանի փեսայի գործով ՔԿ-ն խախտել է մասնավոր կյանքի գաղտնիության վերաբերյալ դրույթները. Մելիքյան

10 Օգոստոսի 2026, 16:10

Կարծիք | Քաղաքականություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պնդում է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Արգամ Աբրահամյանի գործով Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկությունները կոպտորեն խախտում են Հայաստանի Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված մասնավոր կյանքի գաղտնիության վերաբերյալ դրույթները:
 
Մելիքյանը Քննչականի կողմից Արգամ Աբրահամյանի վերաբերյալ անձնական տեղեկություններ հրապարակելը պայմանավորում է 2 գործոնով:
 
«Առաջին՝ միանշանակ սա Գագիկ Ծառուկյանի դեմ Փաշինյանի կողմից բացահայտ հայտարարված պետական տեռորի դրսևորում է: Այդ տեռորի շրջանակում ազատության իրավունքի սահմանափակմանն ուղղված, սեփականության իրավունքից զրկելու քայլեր են եղել: Հիմա էլ Ծառուկյանի ընտանիքի անդամների վարքագիծը կասկածի տակ դնող անձնական բնույթի տեղեկություններ են հրապարակում:

Երկրորդ՝ իրավապահ կոչվող մարմինները, որոնց ավելի ճիշտ կլինի կոչել՝ ռեպրեսիվ մարմիններ, ոչ միայն ու ոչ այնքան զբաղվում են իրենց լիազորություններով, այլ հանդես են գալիս որպես նյուզմեյքերներ, և այստեղ կարևորն այն տեղեկատվական բաղադրիչն է, որը նրանք արտադրում և ներկայացնում են հանրությանը: Հակաժողովրդական բաղադրիչ է այն, որ իրավապահ մարմնի համար իրենց աշխատանքի մեջ շատ ավելի կարևոր է տեղեկատվական քարոզչական բաղադրիչը, ընդ որում՝ քաղաքական քարոզչական բաղադրիչը, քան իրենց բուն աշխատանքը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը:
 
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին, Քննչական կոմիտեն տեսանյութ և հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը:
 
Ըստ ՔԿ-ի, Արգամ Աբրահամյանը՝ կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:
 
Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։
 
Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։
 
Նշենք՝ Արգամ Աբրահամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Էմմա Ծառուկյանի ամուսինն է:
 
Քննչական կոմիտեի կողմից Արգամ Աբրահամյանի քրեական վարույթի վերաբերյալ անձնական տեղեկություններ հրապարակելը սոցցանցերում հանրային դժգոհություն էր հարուցել:
 
Նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն էր արձագանքել ՔԿ հաղորդագրությանն ու տեսանյութին և անընդունելի համարել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: