Ցավալի է՝ Տավուշում ուժ կիրառած երկրապահները ժամանակին թուրքի դեմ կռիվ տված տղաներ են․ Արայիկ Ղարիբյան

23 Ապրիլի 2024, 22:30

Քաղաքականություն

Ես միշտ դեմ եմ եղել, որ Երկրապահը քաղաքականացվի և ցանկացած ժամանակ քաղաքական խաղերի մասնակցի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Շենգավիթի շրջանի ԵԿՄ նախկին անդամ Արայիկ Ղարիբյանը։

«Երբ իմացա, որ երկրապահ կամավորականները տարածքներ հանձնելու համար բողոքի ակցիա իրականացնող ժողովրդի վրա ուժ են կիրառել, որոշում կայացրի հեռանալ նրանց շարքերից։ Ինձ չեմ տեսնում նման վարքագիծ ցուցաբերող երկրապահի շարքերում։ Որոշումս քաղաքական չէ, ոչ մի կուսակցության հետ կապ չունի, ես միշտ եղել եմ անկախ քաղաքացի, բժիշկ։ Որպես Հայաստանի քաղաքացի իմ կարծիքն եմ արտահայտել գյուղերի հանձնման վերաբերյալ»,- ասաց Ղարիբյանը։

ԵԿՄ նախկին անդամը ցավով է նշում, որ այն տղաները, որոնք ուժ են կիրառել ժողովրդի նկատմամբ, թուրքի դեմ կռիվ տված տղաներ են։

«Ցավալին այն է, որ այն տղաները, որոնք ուժ են կիրառել ժողովրդի նկատմամբ, Հայաստանի սահմանների, հողի համար պայքարած, թուրքի դեմ կռիվ տված տղաներ են։ Ես ուղղակի զարմանում են նրանց որոշման վրա, նրանց քայլերի վրա, ինչպես կարող ես ուժ կիրառել մի բանի համար, որի համար դու ժամանակին կռիվ ես տվել։ Գոնե իրենք պայքարեն, պահեն այդ հողը, ուժ են կիրառում ժողովրդի վրա։

Անելով քաղաքական հայտարարություն՝ ես համարում եմ, որ արդեն իսկ մասնակցում եմ ու միացել եմ տավուշցիների պայքարին»,- եզրափակեց Ղարիբյանը։