Ցավոք սրտի, Հայաստանն արդեն սուբյեկտ չէ․ Կարեն Քոչարյան

01 Մարտի 2024, 22:50

Քաղաքականություն

Պրոցեսների կառավարումը և պրոցեսներին դիմակայելն անգամ արդեն կախված չէ Հայաստանից, կախված է գեոքաղաքական ուժերից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Պարզ էր այն պահից սկսած, երբ արդեն բացահայտվեց խաղը, որ երեք տարի տևած խաղաղության ծրագիրը, խաղաղության խաչմերուկը փուչիկ էր ու տրաքեց, երբ Ալիևը հայտարարեց՝ ինչ խաղաղություն, ինչ բան, մենք հետ չենք քաշելու մեր զորքերը։ Հասկանալի դարձավ, որ պրոցեսներ են սպասվում, ընդ որում՝ ոչ շատ հեռու ապագայում։ Ցավոք սրտի, Հայաստանը վաղուց արդեն սուբյեկտ չէ։ Պրոցեսների կառավարումը և պրոցեսներին դիմակայելն անգամ արդեն կախված չէ Հայաստանից, կախված է գեոքաղաքական ուժերից, ընդ որում՝ բոլոր, այնպես չէ, որ միայն Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում բացի Ռուսաստանից լուրջ խաղացողներ են նաև Իրանն ու Թուրքիան։

«Պարզ է, որ այս տարածաշրջանում նաև բավականին լուրջ խաղացող են և՛ Իրանը, և՛ Թուրքիան։ Ինչպիսի վերջնարդյունք կլինի, կախված է, կարծում եմ, ոչ Հարավային Կովկասի ու անգամ ոչ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից, այլ համաշխարհային այն պրոցեսներից, որոնք սկսել են մոտ 10 կամ ավելի տարի առաջ ու ընթանում են, և որոնք մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։ Խոսքը Ռուսաստան-Ուկրաինա, ինչպես նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին է վերաբերում»,- նշել է քաղտեխնոլոգը։

Կարեն Քոչարյանը նաև նկատել է՝ հայ հասարակությանը մանիպուլացնելը հեշտ է։

«Հարավային Կովկասը երկար դարեր Ռուսաստանի Ֆեդերատիվ Հանրապետության շահերի գոտում է գտնվում։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը այդքան հեշտ հրաժարվի իր շահերից։ Ինչ վերաբերում է նրան, որ հայ ժողովրդին դա վախեցնում է․ ստացվել է այնպես, որ բավականին լուրջ պրոռուսական հասարակություն ունեցող Հայաստանը վերջին 3 տարիների ընթացքում կորցրեց այդ պրոռուսականությունը, դա փաստ է։ Մեր հասարակությունը հիմա տառապում է մի հիվանդությամբ, որ կոչվում է հանրային աուտիզմ։

Այդ պարագայում այնքան հեշտ է փոխում իր միտքը՝ պրոռուսականից դառնում է պրոարևմտյան, հետո պրոարևմտյանից՝ պրոիրանական, պրոհնդկական։ Հիմա այնքան հեշտ է մանիպուլացնել այս հասարակությանը, որ նույն հաջողությամբ կարող է դառնալ պրոռուսական։ Լավ չէ, որ մենք դառնանք հանրապետություն ինչ-որ պետության կազմում։ Վատ է, որովհետև կորցնում ենք սուվերեյնությունը»,- եզրափակել է Կարեն Քոչարյանը։

Հիմա եթերում