Ցեղասպանության տարելիցին կազմակերպելու ենք պատարագ և ֆիլմի ցուցադրություն. հավանաբար «Մայրիկ»-ը. Եղիազարյան

Շվեդիան և Ֆինլանդիան Եվրոպայի այն քիչ երկրներից էին, որ Սպիտակի երկրաշարժից հետո ընդունեցին և օգնեցին հայերին, ապահովեցին ապաստանով ու աշխատանքով: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ֆինլանդիայում հայ համայնքի փոխնախագահ Գրիգորի Եղիազարյանը:

«Հայերի մեծ հոսքը դեպի Ֆինլադիա եղել է Խորհրդային միության փլուզումից հետո, բայց մեծաթիվ հայեր տեղափոխվել են նաև Սպիտակի երկրաշարժից հետո: Շվեդիան, Ֆինլանդիան Եվրոպայի այն քիչ երկրներից էին, որ ընդունեցին և օգնեցին հայերին, ապահովեցին ապաստանով ու աշխատանքով: Կարծում եմ՝ հայերն իրենց այստեղ լավ են զգում, քանի որ կա հնարավորություն և՛ աշխատանքի, և՛ ինքնաիրացման: Ստեղծել ենք նաև կամուրջ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև, փորձում ենք զարգացնել տնտեսական և մշակութային կապերը: Եվ այս կերպ 2005 թ-ի օգոստոսին ստեղծվեց մեր հայկական համայնքը:

Համայնքը մինչ օրս գործում է արդյունավետ: Մենք ունենք շատ սիրուն, ամբողջովին հայկական ավանդույթներին համապատասխան ռեստորան, իսկ խանութներում վաճառվում են մեր հայկական գինին, կոնյակը: Բացի այդ, կան հայեր, որոնք հաջողության են հասել շինարարության, ՏՏ, մշակութային, կրթական, բժշկության ոլորտներում»,- նշել է Եղիազարյանը:

Վերջինիս խոսքով՝ Ֆինլանդիայում ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվում:

«Ֆինլանդիայում հայ համայնքն ամեն տարի ապրիլի 24-ին հավաքվում է տեղի հայկական եկեղեցում, և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվում: Եկեղեցին նաև հնարավորություն է տալիս թեմատիկ միջոցառումներ անցկացնելու, օրինակ՝ ֆիլմերի, նկարների ցուցադրություն: Այս տարի պատրաստվում ենք անցկացնել օնլայն դասախոսություն Ցեղասպանության վերաբերյալ, կունենանք նաև ֆիլմի ցուցադրություն, հավանաբար կլինի «Մայրիկ» ֆիլմը: Այստեղ անցկացնում ենք նաև ջահերով երթ, որին հաջորդում է պատարագը»,- եզրափակել է Եղիազարյանը: