Ցեղասպանության թեման շարունակում է մնալ կարևոր հարցերից մեկը. Գարագաշյան
22 Ապրիլի 2026, 18:30
Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է մնալ ոչ միայն Սփյուռքի, այլև Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի հատվածի կյանքի և ինքնության կարևոր բաղադրիչ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է մանկավարժ, հասարակական գործիչ Մհեր Գարագաշյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում ապրող բազմաթիվ ընտանիքներ ցեղասպանությունից վերապրածների 3-5-րդ սերնդի ներկայացուցիչներ են, և այս պայմաններում թեմայի նսեմացումը կամ երկրորդական համարելը «բացարձակ մերժելի կեցվածք» է։
«Դիմակները բացվեցին, և արդեն հստակ է, թե որտեղից է գալիս այդ խոսույթը և ինչ նպատակներ է հետապնդում»,- նշել է նա։
Մհեր Գարագաշյանը նաև ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային քաղաքական արձագանքների համընկնումներին՝ նշելով, որ հաճախ տարբեր երկրների պաշտոնական հայտարարություններն, ըստ իրեն, ունեն նույնատիպ բովանդակություն և նարատիվ։ Նրա համոզմամբ՝ դա խոսում է միասնական մոտեցման կամ համակարգված քաղաքականության մասին։
«Առաջին հերթին անհրաժեշտ է, որ այն ընդունվի նաև իրականացնողների կամ նրանց իրավահաջորդների կողմից»,- նշել է նա։
Հասարակական գործիչը նաև հիշեցրել է, որ 2015 թվականին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում, որոշակի դրական տեղաշարժեր կային, այդ թվում՝ Թուրքիայի ներսում հնչած սահմանափակ ցավակցական հայտարարություններ, սակայն հետագայում, ըստ նրա, այդ գործընթացը փոխվել է և հետընթաց գրանցվել։
Մհեր Գարագաշյանի խոսքով՝ ցեղասպանության թեման շարունակում է մնալ ոչ միայն պատմական հիշողության, այլև անվտանգության և ապագայի կարևոր հարցերից մեկը: