Ցեղասպանություն է 21-րդ դարում. Ռոբերտ Մարգարյանը՝ Սիրիայի սպանդի մասին

12 Մարտի 2025, 12:05

Քաղաքականություն

Սիրիայի՝ Լաթաքիա և Տարտուս քաղաքներում քառօրյա սպանդի հետևանքով առնվազն 1000 խաղաղ բնակիչ է զոհվել: Բախումները եղել են Սիրիայի նոր իշխանության և նախկին նախագահ Ասադի կողմնակիցների միջև: ԶԼՄ-ները գրում են, որ Ալ-Շարաայի բանակի զինվորները մարդկանց գնդակահարել են փողոցներում՝ ստիպելով նախ չորեքթաթ քայլել ավերակների վրա: Շաբաթ օրը Լաթաքիայում կրակոցներից նաև 2 հայ է զոհվել՝ հայր և որդի Անթուան ու Ֆատի Պութրոսները:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ:

«Բոլորը մեծ հույսեր էին կապել Դոնալդ Թրամփի՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղություն հաստատելու քաղաքականության հետ: Նա այդ քաղաքականությունը սկսեց հենց Ուկրաինայից: Սիրիայի դեպքում տեսանք իրավիճակի սրացումներ: Այն պատկերացումն ունեի, որ Սիրիայում իրավիճակն արդեն խաղաղվել է, ամեն դեպքում իշխանություն կա հաստատված ու վտանգը վերացած է: Այնտեղ զինյալ խմբեր են օգտագործել, որ կարողանան իրականացնել էթնիկ զտում: Ցավալի պատկերները վկայում են ցեղասպանության, էթնիկ զտման մասին 21-րդ դարում, ինչը իսկապես աններելի երևույթ է: Տարօրինակ է միջազգային հանրության լռությունը։ Ամեն ինչ չէ, որ պետք է Թրամփից սպասենք: Թրամփը չի եկել ամբողջ աշխարհը փրկելու համար»,- ընդգծել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ցավալի է, որ միջազգային հանրությունը միայն մտահոգ հայտարարություններ է արել և ոչ մի ուրիշ քայլ:

«Ինձ համար տարօրինակ էր միջազգային հանրության անտարբերությունը էթնիկ զտումների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում Սիրիայում: Չափազանց սարսափելի տեսարաններ էին: Պատկերացրեք՝ աշխարհի որևէ անկյունում մի քաղաքական գործչի քթից արյուն թափվի, անմիջապես բողոքի ակցիաներ, ցույցեր կլինեն, նույնիսկ ԱԽ նիստ կգումարեն, բայց տեսնում ենք, թե Սիրիայում ինչ վայրագություններ են տեղի ունենում, իսկ միջազգային հանրությունը միայն բավարարվում է ցավ ու մտահոգություն հայտնելով»,- ասել է Ռոբերտ Մարգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: