«Ցեղասպանություն» եզրույթի անհետացումը ճակատագրական սխալ կլինի հայ ժողովրդի համար. Ալեքսանդր Չերյոմին
23 Ապրիլի 2024, 21:30
Պատմաբան Ալեքսանդր Չերյոմինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է, որ Հայաստանի վարչապետը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին իր վերջին ելույթներում ոչ մի անգամ չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը:
Պատմաբանի խոսքով՝ այժմ Թուրքիան և Ադրբեջանը զբաղվում են Հայաստանի պատմության վերաշարադրմամբ:
«Եթե «Ցեղասպանություն» եզրույթը վերանա քաղաքական գործիչների գործածությունից և պատմությունից, ապա դա շատ մեծ, ճակատագրական սխալ կլինի թե՛ հայ ժողովրդի, թե՛ Ցեղասպանությունը վերապրած մյուս ժողովուրդների համար։ Ցեղասպանությունը գրեթե ողջ ժողովրդի ոչնչացումն է, և նման ձևակերպումն ամենաճիշտն է։ Անթույլատրելի է այդ եզրույթը փոխել, քանի որ բառը կարող է պարզապես անհետանալ գիտական շրջանառությունից, և հետո կարելի է պարզապես մոռանալ այդ սահմանման և այն մասին, թե ինչ է տեղի ունեցել անմիջապես հայ ժողովրդի և այլ ժողովուրդների հետ, որոնց ուղղակի գլխավորապես ոչնչացրել են ազգային հատկանիշով։ Բոլորի համար ողբերգություն կլինի, եթե սկսեն մոռանալ Թուրքիայի կողմից այդ սրբապիղծ արարքը, որն իրականացրել են հայ ժողովրդի դեմ։
«Ցեղասպանություն» եզրույթը նշանակում է լիակատար ոչնչացում և այն մեկ այլ բառով փոխարինելն անթույլատրելի է։ Մեզ մոտ անընդհատ ինչ-որ մարտական բախումներ կամ ինչ-որ աշխարհաքաղաքական ռազբորկաներ են ընթանում, բայց դրանք չունեն «ցեղասպանություն» ձևակերպումը։ Ցեղասպանությունը ամենասարսափելի խոսքն է ցանկացած ագրեսորի համար, որը դատապարտվում է ողջ մարդկության կողմից, քանի որ դա մի ամբողջ ժողովրդի բնաջնջում է։ Եթե մենք չպահպանենք ցեղասպանություն բառը, ապա կարելի է վերաշարադրել Հայաստանի պատմությունը, ինչով էլ զբաղվում են Թուրքիան և Ադրբեջանը։ Եթե այս բառը քաղաքական գործիչների շրջանառությունից վերանա, ապա պատմաբաններն այն պարզապես կջնջեն՝ ասելով, որ դա պարզապես քաղաքացիական կամ լոկալ պատերազմ էր։ Եվ դա ձեռնտու կլինի նրանց, որոնք կազմակերպել են այդ ցեղասպանությունը։ Չի կարելի այդ բառն ընդհանրապես բացառել որևէ մեկի կողմից», — ասել է Չերյոմինը։
Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձեռնտու է հայկական իշխանությունների այս գործողությունները։
«Թուրքիայի նախագահ Էրդողանն, իհարկե, անմիջապես ձեռնամուխ եղավ դրան, քանի որ նա հենց ամենաշահագրգիռ անձն է, դրա համար էլ մտավ բանավեճի մեջ, դա իր համար շատ ձեռնտու է։ Չէ որ այդ դեպքում արդեն կարելի է ոչ թե հայտարարել, որ Ցեղասպանություն է եղել, այլ ասել, որ ուղղակի եղել են որոշակի բախումներ, ինչ-որ լոկալ հակամարտություններ, նույնիսկ կարող են տարին չնշել, թե ով է մասնակցել, քանի մարդ է ոչնչացվել։ Քաղաքական գործիչը պետք է կառուցի իր յուրաքանչյուր խոսքը, տրամաբանություն ներառի և մտածի հետևանքների մասին, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Քաղաքական գործչի կողմից թույլ տրված ցանկացած սխալ այնուհետև արտացոլվում է նրանով, որ պատերազմներ են սկսվում, և ինչ-որ մեկը պարտվում է:
Ստացվում է, որ մարդիկ երկար տարիներ ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ, իսկ հետո գալիս է մի քաղաքական գործիչ և սկսում է գործնականում շուռ տալ և՛ իր ժողովրդի, և՛ մարդկության պատմությունը, ինչն անթույլատրելի է», — եզրափակել է Չերյոմինը։