Ցեղասպանությունը չպետք է անպատասխան մնա․ Ալեքսեյ Լեոնկովն՝ Արցախում ավերված եկեղեցիների մասին
28 Ապրիլի 2026, 23:00
Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ստեփանակերտում եկեղեցիների քանդմանը։
«Գիտեք, երբ եկեղեցիներ են քանդում, դա միշտ հանցագործություն է։ Դա պարզապես հանցագործություն չէ հավատքի դեմ, դա հանցագործություն է մարդկության դեմ, որովհետև տաճարները կառուցվում են որպես սրբավայրեր, ուր մարդիկ կարող են գալ և դիմել Աստծուն։ Երբ դրանք քանդվում են, և ինչ-որ մեկը կարծում է, թե այդ տաճարը չպետք է կանգուն մնա, դա միշտ ողբերգություն է, որն իր հետևից բերում է նոր ողբերգություններ»,- նշել է փորձագետը։
Լեոնկովն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ցեղասպանության և էթնոցիդի դրսևորում են։
«Դա պարզապես ցեղասպանություն չէ, դա նաև էթնոցիդ է, քանի որ Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղը, կամ Արցախը, ինչպես այն անվանում են Հայաստանում, այն վայրն է, որտեղ հայերը հարյուրավոր տարիներ ապրել են։ Եվ երբ վերացնում են այդ սրբավայրերը, քանդում են գերեզմանատները, ոչնչացնում են եկեղեցիները, հուշարձանները, դա միշտ նշանակում է ժողովրդի հետքը ջնջելու փորձ՝ ձևացնելու, թե նրանք այնտեղ երբեք չեն եղել։
Ցեղասպանությունը չպետք է անպատասխան մնա։ Նրանք, ովքեր մեղավոր են ցեղասպանության և տաճարների ավերման համար, պատասխանատվություն են կրելու կա՛մ երկրային դատական մարմինների առաջ, կա՛մ այնտեղ, որտեղ առավել խիստ են դատում։ Եվ այնտեղ ոչ մի կապ, ոչ մի քաղաքական նախասիրություն, ոչ մի մեծ գումար չի օգնի։ Այդպիսի մարդիկ հայտնվում են դժոխքում, և նույնիսկ Քրիստոսի ողորմությունը նրանց վրա չի իջնի»,- եզրափակել է Լեոնկովը։