Չարենցավանում բացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը

27 Ապրիլի 2026, 18:00

Քաղաքականություն

Ապրիլի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Կոտայքի մարզում։ Առաջին կանգառը Չարենցավան քաղաքում էր, որտեղ 6-րդ թաղամաս, 6-23 հասցեում բացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։

Գրասենյակի բացման ժամանակ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով չարենցավանցիներին՝ նշել է, որ Չարենցավանը Հայաստանում աշխատանքի խորհրդանիշն է՝ վերհիշելով քաղաքի երբեմնի արդյունաբերական լուրջ պոտենցիալը։

Նարեկ Կարապետյանը ափսոսանք է հայտնել, որ քաղաքի երբեմնի արդյունաբերական փառքից մնացել են միայն մի քանի հիմնարկներ, և շնորհակալություն հայտնել այդ հիմնարկների կազմակերպիչներին։ Նա հավելել է, որ քաղաքում գործարանների մեծ մասը փակվել են, իսկ սարքավորումների ու հոսքագծերի մեծ մասն՝ օտարվել:

«Ձեզ մեկ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք, թե ինչ է լինելու 42 օր հետո՝ երկրում փոփոխություններ բերելուց հետո, Սամվել Կարապետյանի՝ առաջնորդությունը ստանձնելուց հետո: Մեկ օրինակ ընդամենը. մեր երկիրը ներմուծում է տարեկան 60 միլիոն դոլարի ցինկապատ ապրանք՝ մետաղ: Այսինքն՝ oտար երկրներին գումար է ուղարկում։ Իսկ գիտե՞ք՝ ինչ է արտահանում մեր երկիրը: Տարեկան 20 միլիոնի հում ցինկ: Ցինկն արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում: Ի՞նչն է խնդիրը, որ դա մեր երկրում չենք անում: Ի՞նչն է խնդիրը, որ այստեղ չենք անում՝ այս քաղաքում: Մեկ բանը՝ առաջնորդը: Առաջնորդ, որը կկազմակերպի դա՝ հարյուրավոր, հազարավոր աշխատատեղերով: Երբ ասում են՝ ո՞նց եք ստեղծելու այդ աշխատատեղերը, հենց այսպես ենք ստեղծելու: Երկիրը չի ներմուծելու, երկիրն ինքն է արտադրելու, որովհետև ով, եթե ոչ դուք, գիտեք՝ ինչ է արտադրությունը»,- ասել է նա։

Խոսելով աշխարհաքաղաքական գործընթացների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանում բոլորը խաղաղություն են ուզում։

Այնուհետև նա ներկաներին ընթերցել է իշխանությունների կողմից խաղաղության երաշխավոր կարգված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևի հայտարարությունը, ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին և նշել, որ Ղարաբաղում հիմա խաղաղություն է, սակայն հայ չկա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի կողմից հնչող բոլոր պահանջները անվերապահորեն կատարվում են Հայաստանի ներկայիս վարչապետի կողմից։

«Ինչո՞ւ միանգամից մեր երկրի ղեկավարությունը վերջնականապես այս հարցը չի լուծում: Որովհետև գիտի, որ ինչպես տվել է ամեն ինչ՝ Սյունիքում ճանապարհ, մեր հայրենիքի 30 տոկոսը, վաղ թե ուշ սա էլ է տալու»:

«Վաղ թե ուշ ունենալու ենք այդ ուժեղ երկիրը: Ու ուժեղ երկիրը կկառուցի այն մարդը, ով ամենամեծ փորձն ունի», — ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքից հետո տեղի է ունեցել կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացել են գրասենյակում ստեղծված աշխատանքային պայմաններին և շփվել չարենցավանցիների հետ։

Բացման արարողությունից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները քայլերթով անցել են Չարենցավանի փողոցներով և շփվել քաղաքի բնակիչների հետ։