Չե՛նք կարող հանձնվել, պիտի դիմակայենք, ուրիշ տարբերակ չունենք. Հասմիկ Սեյմուր

22 Օգոստոսի 2023, 23:50

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանը ռազմական հանցագործ է։ Այս մասին Alpha Newsուղիղ եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում բնակվող մեր հայրենակից, արվեստաբան, Բրիտանական միության հիմնադիր անդամ Հասմիկ Սեյմուրը։

«Ադրբեջանը միշտ նշում է, որ Ռուսաստանից էլ ավելի, իր առաջին տնտեսական գործընկերը Մեծ Բրիտանիան է։ Ըստ Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքի՝ Ադրբեջանում արված ներդրումները 80 միլիարդն անցնում են։

Միայն British Petroleum-ի ներդրումները այս տարվանից մինչև 2049թ․ լինելու են ավելի քան 30 մլրդ։ Չենք կարող հանձնվել, պիտի աշխատենք, պիտի բարձրացնենք, հատկապես, հասարակական գիտակցությունը` մարդու իրավունքների խախտումների, ռազմական հանցագործությունների մասին»,- ասել է Հասմիկ Սեյմուրը։

Նա փաստում է՝ Արցախում այն, ինչ հիմա կատարվում է, ռազմական հանցագործություն է․

«Փորձում ենք և՛ վարչապետին, և՛ ԱԳ նախարարին ուղղված նամակների մեջ մատնանշել, որ Արցախում հումանիտար մեծ ճգնաժամ է, Ադրբեջանը, վերջին հաշվով, ռազմական հանցագործ է։ Սա է մեր կեցվածքը և այս խոսակցությունը պետք է տանենք մարդասիրական կետի վրա, որովհետև մենք կուսակցություն չենք, այլ հասարակական կազմակերպություն և փորձում ենք այս ձևով առաջ տանել մեզ հուզող թեման, որն է՝ Արցախում իրականացվող ցեղասպանությունը, նաև սահմանային խախտումները, ռազմագերիները, որոնք դեռ վերադարձված չեն»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը։

Հասմիկ Սեյմուրի համոզմամբ՝ հայ ժողովուրդը նաև Սփյուռքում է պառակտված ու շատերը փողոց դուրս չեն գալիս, որովհետև կարծում են՝ արդյունքի չեն հասնի․

«Հայ ժողովուրդը պառակտված է ոչ միայն Հայաստանում, նաև Սփյուռքում։ Մարդիկ համարում են, որ ավելորդ են ցույցերը, կարիք չկա, ադյունք չենք ունենա, իսկ մեր խմբի պատկերացումն այն է, որ մենք պիտի դիմակայենք և ուրիշ տարբերակ չունենք, պիտի անենք այն, ինչ կարող ենք։ Պիտի պայքարենք հայ ժողովրդի,հայոց պետականության, ինքնիշխանության համար»,- եզրափակել է արվեստաբանը։