Չեմպիոնական մրցաշրջանի ոսկե ավագը. Էդուարդ Սպերցյան
07 Հունիսի 2026, 22:15
Ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Ստավրոպոլում, հայ-գերմանական ընտանիքում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է ֆուտբոլով և մարզվել է ավագ եղբոր հետ: Նրա առաջին մարզիչը Մխիթար Դավիդյանն էր, ով նկատել է տղայի տաղանդը և առանձնահատուկ ուշադրություն դարձրել նրա անհատական պատրաստվածությանը։ Դեռ պատանեկան տարիներին Սպերցյանն աչքի էր ընկնում երկու ոտքով հավասարապես խաղալու կարողությամբ և իրենից տարիքով մեծ մրցակիցների հետ հաջող մրցակցելու հատկությամբ։
Տասը տարեկանում նա ընդունվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակադեմիա, որտեղ անցել է զարգացման բոլոր փուլերը՝ պատանեկան թիմերից մինչև ակումբի երկրորդ թիմ։ Ակադեմիան նրա համար դարձել է կարգապահության և պրոֆեսիոնալիզմի իսկական դպրոց։ 2018 թվականին նա նշել է նորամուտը «Կրասնոդար-2»-ի կազմում, իսկ 2020-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ «Խիմկի»-ի դեմ հանդիպմանը, որտեղ «Կրասնոդար»-ը հաղթել է ռեկորդային 7։2 հաշվով: Նույն մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի խաղին՝ ընդդեմ «Չելսի»-ի, ինչը նշանակալի նվաճում էր նրա կարիերայում։
2021-2022թթ-ի մրցաշրջանը բեկումնային է եղել նրա համար. Էդուարդն ամրապնդել է իր տեղը հիմնական կազմում, դարձել ակումբի լավագույն ռմբարկուն և երկրպագուների կողմից ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2022 թվականին նա ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով նույնիսկ Հենրիխ Մխիթարյանից։ 2022/23 մրցաշրջանում Սպերցյանը խփել է 10 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում՝ դառնալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գոլային փոխանցումների առաջատարը։ Նրա կարիերայի իրական հաղթարշավը դարձել է 2024/25 մրցաշրջանը, երբ «Կրասնոդար»-ը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը, իսկ թիմի ավագ Սպերցյանը դարձել է այդ «ոսկե» մրցաշրջանի գլխավոր հերոսը։
2021 թվականից նա հանդես է եկել Հայաստանի հավաքականում՝ դառնալով թիմի առաջատարն ու երկրպագուների հույսը: Նրա գոլերն ու առաջնորդական որակները ամրապնդել են թիմի դիրքերը միջազգային ասպարեզում։
Էդուարդ Սպերցյանի պատմությունը սկսվել է Ստավրոպոլից։ Նա իր տաղանդի, վճռականության ու ակումբին նվիրվածության շնորհիվ հասել է «Կրասնոդար»-ի ավագի կարգավիճակին և դարձել հայկական ֆուտբոլի նոր սերնդի խորհրդանիշը։ Այսօր նա խորհրդանշում է ոչ միայն իր ակումբի հաջողությունը, այլև Հայաստանի ձգտումը՝ դեպի սպորտային վերածնունդ։