Չեռնոգորիան կհեշտացնի վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիների համար

28 Հուլիսի 2026, 17:15

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում նախատեսվում է բացել VFS Global վիզային կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի ներկայացնել Չեռնոգորիայի վիզայի դիմումները։ Այս մասին հայտնել է Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը։

Պաշտոնական հաղորդագրությունում դեռևս չեն նշվում կենտրոնի բացման ժամկետները և դրա տեղակայման վայրը։ Ներկայում Հայաստանի քաղաքացիներին Չեռնոգորիա մուտք գործելու համար անհրաժեշտ է վիզա, որը կարելի է ձևակերպել երկրի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով։

Հաղորդագրության համաձայն՝ վիզային կենտրոնների ցանցի գործարկումից հետո օտարերկրյա քաղաքացիները ևս կկարողանան դիմում ներկայացնել իրենց գտնվելու վայրին ամենամոտ VFS Global կենտրոնում՝ անկախ քաղաքացիությունից։ Այսպիսով, Երևանի կենտրոնը կսպասարկի ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև Հայաստանի տարածքում գտնվող այլ երկրների քաղաքացիներին։

Բացի Հայաստանից, Չեռնոգորիան նախատեսում է նոր VFS Global վիզային կենտրոններ բացել Պակիստանում, Չինաստանում, Ղազախստանում, Ֆիլիպիններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Բելառուսում, Նեպալում և Ուզբեկստանում։ Հետագայում ցանցը նախատեսվում է ընդլայնվել նաև Հորդանանում, Քուվեյթում, Թաիլանդում և Ինդոնեզիայում։

Չեռնոգորիայի ԱԳՆ-ում նշել են, որ վիզային կենտրոնների ցանցի ընդլայնումն իրականացվում է երկրի վիզային քաղաքականությունը Եվրոպական միության վիզային քաղաքականությանը համապատասխանեցնելու գործընթացին զուգահեռ։