Չնայած հակասություններին, Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ կա վճռականություն. Հակոբ Հավաթյան
05 Դեկտեմբերի 2024, 22:30
Իսրայելը շարունակում է զանազան պատրվակներով հրադադարը խախտել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ Հակոբ Հավաթյանը։
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Լիբանանի և Իսրայելի միջև զինադադարի համաձայնագիր է կնքվել, բայց այս ընթացքում Իսրայելը բազմիցս խախտել է այն։ Բնականաբար, հասկանում ենք, որ ամբողջովին հրադադար չէր կարող հաստատվել, քանի որ իսրայելյան բանակի զինվորները դեռ շարունակում էին որոշ սահմանամերձ գյուղերում տեղակայված մնալ։ Նրանք պետք է 60-օրյա ժամկետում ետ քաշվեն իրենց տարածք։ Այդ ընթացքում բախումներ լինում են, քանի որ մարդիկ ժամանակից շուտ վերադառնում են իրենց գյուղեր, և նման խախտումների պատճառով հրադադարից հետո մեծ թվով զոհեր եղան։ Երկու կեղմներն էլ նշում են, որ հրադադարի բոլոր կետերը պետք է պահպանել և խախտումներ չպետք է լինեն։ Բայց օդի մեջ հայտարարություններն այլ են, իսկ գետնի վրա տեղի ունեցող գործողություններն՝ այլ։ Իսրայելը շարունակում է զանազան պատրվակներով հրադադարը խախտելը։
Այս զարգացումների ընթացքում Լիբանանի կառավարությունը ժողով է գումարելու հարավի քաղաքացիների համար, որ նրանք տեսնեն ու հասկանան՝ իրենց ճակատագիրն օդում կախված չէ և նրանք մենակ չեն, և Լիբանանը ամեն բան անելու է, որ այս հրադադարի կետերը պահպանվեն»,- նշել է Հավաթյանը։
Նրա խոսքով՝ կողմերի միջև հրադադարի շուրջ վճռականություն կա։
«Միջազգային հանրությունը մեծ ուշադրությամբ հետևում է հրադադարին և իրավիճակի կայունացմանը։ Ճիշտ է՝ առաջին անգամ չէ, որ Իսրայելը թիրախավորում է Լիբանանի պետական կառույցները կամ ենթակառուցվածքները, քանի որ նրա համար պատերազմը պատերազմ է իր բոլոր երեսներով, բայց միջազգային հանրությունը, միջնորդական առաքելությունը հավաստիացնում են՝ առաջին անգամ է, որ կողմերի միջև հրադադարի շուրջ այսքան վճռականություն կա։ Միշտ էլ, երբ պատերազմի ընթացքում հրադադարի առաջարկ է լինում, ռազմական իրավիճակն ավելի է թեժանում։ Իսրայելի քաղաքական վարքագծի մաս է կազմում այն, որ բանակցությունների և հաջողության հասնելու համար պետք է ավելի շատ ճնշումներ կիրառել, որ համաձայնագրում ի օգուտ իրենց կետերը շատ լինեն և այդկերպ հաստատեն իրենց հաջողությունը»,- եզրափակել է Հավաթյանը։