Ըստ Condé Nast Traveller-ի՝ Հայաստանն ընդգրկվել է 2027-ի լավագույն ուղղությունների ցանկում
14 Նոյեմբերի 2026, 23:00
Հայաստանն ընդգրկվել է 2027 թվականին այցելության արժանի աշխարհի 27 լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում։ Վարկանիշը հրապարակել է հեղինակավոր «Condé Nast Traveller Middle East» ամսագիրը։
Հայաստանի մասին հոդվածի հեղինակ Ալիսիա Էրիքսոնը հատուկ ուշադրություն է դարձրել երկրի լեռնային բնապատկերներին, միջնադարյան վանքերին, պատմական քարավանատներին և գինեգործության հնագույն հուշարձաններին։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև երկու երկարատև հետիոտնային երթուղիների՝ Անդրկովկասյան արահետի (Transcaucasian Trail, TCT) և Հայաստանի ազգային արահետի (Armenian National Trail, ANT) զարգացմանը։
Հրապարակման մեջ հիշատակվում են Տաթևի վանքը, Գեղամա լեռները, Դիլիջանի ազգային պարկը, Արփի լիճը և Հայաստանի այլ տեսարժան վայրեր։
Ամսագիրը վարկանիշը կազմում է ամեն տարի՝ տարբեր երկրների իր հեղինակների, զբոսաշրջության ոլորտի մասնագետների և խմբագիրների մասնակցությամբ։ Ուղղություններն ընտրելիս հաշվի են առնվում զբոսաշրջության նոր հնարավորություններն ու միտումները, ինչպես նաև ճանապարհորդների նախասիրությունների փոփոխությունները։
2027 թվականի ցանկում ընդգրկվել են ինչպես հայտնի զբոսաշրջային կենտրոններ, այնպես էլ զանգվածային զբոսաշրջությունից հեռու՝ տեղական մշակույթին ու ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն ընձեռող ուղղություններ։ Դրանց թվում են Եգիպտոսի Լուքսորը, Չինաստանի Շանհայը, Ճամայկան, Դանիան և Արգենտինայի Պատագոնիան։