Դա կարող է ծանր ավարտ ունենալ Փաշինյանի համար. Ֆրանց Կլինցևիչը՝ Սամվել Կարապետյանին ձերբակալելու փորձերի մասին
18 Հունիսի 2025, 00:48

Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին ձերբակալելու փորձերը և դրա հետ կապված զարգացումները:
«Ես համոզված եմ, որ տվյալ դեպքում պատճառը մեկն է՝ այս խոշոր գործարարի, հասարակական գործչի և բարերարի ընտրողների շրջանում աճող հեղինակությունը։ Նա ոչ միայն զբաղվում է բիզնեսով, նա օգնում է շատերին, նա իրեն ճիշտ է դիրքավորում, և միևնույն ժամանակ նա աշխատում է Ռուսաստանում, ՌԴ-ում հարգված մարդ է, և չի կորցնում կապը հայրենիքի հետ: Կարծում եմ՝ Փաշինյանն այդ մարդու մեջ նախ իր համար մեծ վտանգ է տեսնում։
Երկրորդ՝ առաջիկայում կտեսնեք, որ նարատիվներ կտարածվեն այն առումով, որ «ահա Ռուսաստանը պատրաստում է Հայաստանին պարտադրված իր խամաճիկային ղեկավարին» և այլն։ Չնայած ես կարող եմ հազար օրինակ բերել, որ դա այդպես չէ: Ռուսաստանում ոչ ոք այդ ուղղությամբ չի զբաղվում և նման նախագծեր, այսպես ասած, չի ղեկավարում։ Ես հասկանում եմ, որ դա կապված է ներքաղաքական պայքարի հետ, իսկ պատճառներն, իհարկե, կգտնեն», — հայտարարել է Կլինցևիչը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ այս դիմակայության գլխավոր գործոնը սովորական մարդիկ են, և այդ հանգամանքի անտեսումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Փաշինյանի համար: