Դա կարող էր միայն թշնամին ասել․ Մարգարիտ Դերանցը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

14 Փետրվարի 2025, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

«Դուք դուրս եկաք Արցախից, քանի որ անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք։ Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ-ն տվել էր։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է»։ Ազգային ժողովում այսպես է Ալեն Սիմոնյանը պատասխանել արցախցի լրագրողի այն հարցին, թե երբ կարող է վերադառնալ իր հայրենիք։

Սիմոնյանի այս հայտարարությունը քննադատության մեծ ալիք է բարձրացրել լայն հասարակության շրջանում։

Ամերիկահայ արձակագիր, Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ Մարգարիտ Դերանցը Alpha News-ի հետ զրույցում անդրադառնալով Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարություններին՝ նշել է, որ եթե նույնիսկ այդպիսի բան շարքային քաղաքացին ասեր, դա անմարդկային կլիներ։

«Պետական այրի, Ազգային ժողովի նախագահի շուրթերից դուրս եկած ամեն մի խոսք շատ կարևոր է։ Դա կարող է ազգին բարձրացնել ու կարող է նաև շատ բուռն զգացմունքներ առաջացնել ժողովրդի մեջ։ Նախ և առաջ, պետական այրի առաջին առաքելությունը ամբողջ հասարակությանը միավորելն է՝ նույն նպատակների շուրջ։ Դա ազգային երազանքն է, արժանապատիվ պետականության կառուցումն է, հայրենասիրությունն է, բայց կա ավելի ճշգրիտ բառ՝ հայրենաշինությունը»,- ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այդպիսի հայտարարություն կարող էր միայն թշնամին անել։

«Այն, ինչ մենք լսեցինք, նշանակում էր պառակտել սոցիալական տարբեր խավերը, ժողովրդի մեջ մտցնել թշնամանք ու գժտություն։ Այդպես կարող է անել միայն թշնամին։ Այսինքն՝ Հայաստանի պետականության հակառակորդների ջրաղացին նշանակում է ջուր լցնել։

Ացախցին իր հողին կպած է, տոկուն, համառ, իր բնօրրանին կառչած տեսակ է։ Նրանք կռվել են ամեն օր։ Ամեն վայրկյան նրանք սպասել են ամենավատին։ Այնպիսի անկանխատեսելի իրավիճակ էր, երբ ամեն վայրկյան ամեն ինչ կարող էր փոխվել։ Սա տեսանք 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, Արցախի պաշարման օրերին, արցախահայերի բռնի տեղահանման ժամանակ»,- նշել է Մարգարիտ Դերանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։