Դա սառը ցնցուղ կլինի Իսրայելի համար. Ալեքսեյ Լեոնկովը՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի բանակցությունների մասին

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է մարտի 14-ին Պեկինում Իրանի միջուկային խնդրի շուրջ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով նախատեսված բանակցությունները:

«Միացյալ Նահանգների գործողությունների արդյունքում միջազգային անվտանգությունը զգալիորեն ցնցվել է, և բոլորը սկսել են խոսել Երրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Եվ այդ ընդհանուր բանակցություններում հնչում է իրանական թեման՝ արդյոք Իրանը կստեղծի սեփական միջուկային զենք։ Որովհետև այն ամենը, ինչ կատարվում է Իրանի շուրջ, հատկապես Սիրիայում տեղի ունեցածից հետո, սկսում է էքզիստենցիալ սպառնալիք ստեղծել Իրանի համար։ Իրանը երկու ճանապարհ ունի․ ստեղծել սեփական միջուկային ծրագիր՝ միջուկային զենք, կամ համաձայնության գալ երկու ամենահզոր միջուկային տերությունների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ, որոնք կարող են անվտանգության երաշխիքներ տալ, այսինքն՝ իրենց միջուկային հովանոցը տարածել Իրանի տարածքում։

Ես կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, երկրորդ սցենարն ավելի կենսունակ է և ավելի համապարփակ, որը կսառեցնի շատ տաք գլուխներ ոչ միայն Մերձավոր Արևելքում՝ ես նկատի ունեմ Իսրայելը, այլև նաև օվկիանոսից այն կողմ՝ նկատի ունեմ ԱՄՆ-ն», — կարծում է փորձագետը։

Լեոնկովի կարծիքով՝ Իսրայելի հավակնությունները տարածաշրջանում աճել են, և Պեկինում նախատեսվող հանդիպումը կոչված է սառեցնելու Իսրայելի ագրեսիվ մտադրություններն Իրանի նկատմամբ:

«Այժմ Իսրայելն, օրինակ, իրեն ցույց է տալիս Մերձավոր Արևելքում որպես մեծ պետություն կառուցող։ Ընդ որում, դանակի տակ են հայտնվում խաղաղ քաղաքացիները, ոչնչացվում են ջիհադիստների ձեռքով: Որքան Իսրայելը մոտ է Իրանին, այնքան ավելի շատ հնարավորություններ ունի մարտավարական ավիացիայի միջոցով հարվածներ հասցնելու համար։ Իրանը բալիստիկ հրթիռներ ունի, Իսրայելը՝ մարտավարական ավիացիա։ Եվ բոլորը գիտեն, որ Իսրայելը միջուկային զենք ունի, և նա վաղուց է ցանկանում հարվածներ հասցնել ոչ միայն միջուկային հետազոտական կենտրոններին, որոնք ներկայումս զբաղվում են խաղաղ ատոմով, այլ նաև որոշ միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի ուղղությամբ։ Այսինքն՝ Իսրայելը նման ցանկություն ունի։

ԱՄՆ-ին հաջողվում էր Իսրայելին հետ պահել նման անխոհեմ քայլերից, բայց այժմ Սպիտակ տանը նստած է Իսրայելի դաշնակից Դոնալդ Թրամփը, ով, ինչպես ասում են, մատների արանքով է նայում, թե ինչ է անում Իսրայելը Մերձավոր Արևելքում: Ուստի սպառնալիքն աճում է, և Իրանը պետք է քայլեր ձեռնարկի։

Եվ ահա տեղի կունենա այդ հանդիպումը, և մենք կտեսնենք, թե ինչ արդյունք կլինի։ Սա այն սառը ցնցուղն է, որը պետք է վերջ դնի Իրանին ցանկացած միջոցներով զգալի վնաս հասցնելու Իսրայելի ցանկությանը»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։